ՀՀ–ում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարը 2026 թ. հունվարի 1–ից 12 տոկոսի փոխարեն կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ միայն 2025 թ. հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 366 432` նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 3.6 տոկոս, իսկ անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 մլրդ 768 մլն դրամ, որի դեպքում աճը կազմել է 6.9 տոկոս։
Նախարարն ավելացրեց, որ ըստ նոյեմբերի ցուցակի` կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 811, որից 600 126–ն իրենց նպաստը ստանում են անկանխիկ եղանակով։
Թորոսյանի խոսքով` անկանխիկ գործարքներ չկատարելու խնդիրը շարունակում է մնալ գյուղական համայնքների առևտրի կետերում։ Այդ նպատակով նա դիմեց ՊԵԿ–ին` խնդրելով այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք կատարել։
«Հիմնական բողոքներն այն են, որ կենսաթոշակառուները երբ քարտով գնում են առևտրի, իրենց ասում են, որ սարքը չի աշխատում, լույս չկա, և այդպես շարունակ»,– ընդգծեց նա։
Այս փաստն ուրախացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Սա նշանակում է, որ քաղաքացի է հայտնվել, որը շահագրգիռ է, որ կայացված որոշումներն ի կատար ածվեն, որ օրենքը գործի»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 7–ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակների տրամադրումը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար։
Sputnik Արմենիա
