Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) մասնակցել է Դիլիջանի մոտակայքում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 26-ին Հայաստանի ՆԳՆ փրկարարական ծառայության խնդրանքով ՌՀՄԱԿ օպերատիվ խումբն իր աջակցությունն է ցուցաբերել հանրապետության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին, Դիլիջան քաղաքին հարակից տարածքի անտառալեռնային գոտում բռնկված լանդշաֆտային հրդեհների տեղայնացման և մարման աշխատանքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խորհրդակցություն է անցկացվել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, ՌՀՄԱԿ վարչության համանախագահ Կամո Ցուցուլյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի հետ:
Օպերատիվ իրավիճակը պարզաբանելուց հետո ՌՀՄԱԿ մասնագետները կվադրոցիկլերի օգնությամբ կազմակերպել են հրշեջների և հրշեջ տեխնիկական սարքավորումների` հրդեհի տարբեր օջախներ տեղ հասցնելու աշխատանքներ, ինչպես նաև իրականացրել են տարածքի մոնիտորինգ և տեղանքի հետախուզություն։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ժամը 08:00-ի դրությամբ Դիլիջանին հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Sputnik Արմենիա
