Логотип

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ` Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։

Նշենք, որ 1 շաբաթ առաջ նույն դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը և 3 ամսով երկարացրել Լիդյայի կալանքի ժամկետը։

Դատարանում գտնվողները ծափերով ողջունեցին որոշումը։

Դատավորը նաև հայտարարեց, որ Լիդյա Մանթաշյանին արգելվում է այցելել մարդաշատ վայրեր, սակայն նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը խնդրեց, որ եկեղեցի այցելելը չդիտարկվի որպես մարդաշատ վայր։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ դա կներառվի որոշման մեջ։

Նշենք, որ գործով մյուս մեղադրյալների պաշտպաններն էլ մինչ միջնորդության քննությունը դիմեցին դատարանին Լիդյա Մանթաշյանի կալանքի հարցով։

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը, դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին, հայտարարեց՝ եթե Լիդյա Մանթաշյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունն առաջնահերթ կարգով չքննարկվի, ապա ինքը դուրս կգա դատական նիստերի դահլիճից։

«Լիդյա Մանթաշյանի կալանավորված լինելը մեր պատվին ու արժանապատվությանն ուղիղ միջամտություն է»,- հայտարարեց պաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ իր պաշտպանյալ Արթուր Սարգսյանն էլ վստահաբար չի առարկի։

Գնդապետ Միհրան Մախսուդյանի պաշտպան Աննա Մանթաշյանը, դիմելով դատավորին, համոզմունք հայտնեց, որ նա կգտնվի իր բարձունքում և հաշվի կառնի այն, որ Լիդյան պարկեշտ ու հայրենասեր անձնավորություն է։

«Շատ դրական բնութագրով, շատ հայրենասեր անձնավորություն է, և, այո՛, պատվարժան դատարան, հայրենասեր լինելու հանգամանքն է, որ նրան այսօր նստեցրել է մեղադրյալի աթոռին»,- ասաց նա։

Միհրան Մախսուդյանն էլ խնդրանքով դիմեց դատարանին՝ շեշտելով՝ իրեն վատ է զգում, որ ինքն ազատության մեջ է, երբ Լիդյան կալանքի տակ է։

«Մեզ դաստիարակել են լինել կնամեծար, ջենթլմեն։ Ցավոք, այսօր մենք ոչ ջենթլմենյան արդարադատությամբ ենք զբաղված` 18 արդարներից ամենածանր, խտրական վիճակում կին քաղբանտարկյալ»,- ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Հովհաննես Խուդոյանը շարունակեց գործընկերոջ խոսքը՝ չի ուզում, թե տպավորություն ստեղծվի, որ հիմա իրենք դատարանից մեծահոգություն կամ լրացուցիչ մարդասիրություն կամ էլ բացառություն են ակնկալում Լիդյա Մանթաշյանի նկատմամբ։

«Ես ակնկալում եմ, որ դատարանն արդար որոշում պետք է կայացնի, որը բխում է և՛ օրենքից, և՛ արդարության հանրային ընկալումից»,- հայտարարեց պաշտպանը։

Հանրային մեղադրողներն էլ հայտարարեցին՝ ընդունելի են համարում պաշտպանական կողմի բարձրացրած մտահոգություններն իրավական առումով, ուստի չեն առարկում այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Լիդյա Մանթաշյանին, որը կալանավորված է 2025 թվականի հունիսի 26-ից և, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` նոյեմբերի 20-ի որոշման համաձայն, կալանքի տակ պետք է մնար մինչև 2026 թ. փետրվարի 25–ը։

Sputnik Արմենիա