Логотип

Բոլորը ստանալու են իրենց վարձքը. միասնական աղոթք Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

Այսօր միասնական աղոթք հնչեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։ Աղոթքը կրկին նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։

Միասնական աղոթքից հետո իր խոսքում Ապարանի Սուրբ Խաչի հոգևոր սպասավոր Հայկ քահանա Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ եկեղեցին առաջին անգամ չէ անցնում այսպիսի դժվարությունների միջով, միշտ էլ այդպիսի շրջաններ եղել են, բայց երանելի են այն մարդիկ, որոնք այդ ընթացքում հալածվել են, բայց հաղթահարել են։

«Տերը մեզ արդեն տվել է այդ ուսուցումը։ Եթե մեր հայրերը, առաքյալներն այդ ճանապարհով անցած չլինեին, գուցե մենք հիմա ընկճվեինք, հուսահատվեինք , կոտրվեինք, բայց Քրիստոսն ասել է` եթե տիրոջը չխնայեցին, ծառաներին ինչպես կխնայեն… Քրիստոս ասել է, որ նեղություն ենք ունենալու հավատի համար, բայց ուրախ եղեք, որ հանուն արդարության ու հանուն ավետարանի ենք հալածանքի ու նեղության մեջ»,– ասաց հոգևորականը։

Քահանան նշեց` որքան էլ իրողությունները ընկճող ու հուսահատեցնող լինեն, պետք է հաստատուն լինել ու մնալ հավատարիմ։

«Մենք պետք է որոշենք` հավատարիմների մեջ ենք, թե անհավատարիմների, բոլորը ստանալու են իրենց վարձքը»,– ասաց նա։

Հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում: