Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մանրամասնել են կոմիտեից:
Նոյեմբերի 27-ին ծեծի տեսանյութը համացանցում տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր՝ հայտնելով, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտները և այլ հասակակից տղաներ խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղայի։
Նոյեմբերի 28-ին դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։
«Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն»,- նշել է Մանասյանը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ բռնություն գործադրելու այս դեպքը մատնանշում է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Իրավաբան Դավիթ Թումասյանը գրել է, որ, իր տեղեկություններով, անչափահասին ծեծողներից մեկի հայրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանն է։
«Արդյոք մեզ պե՞տք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ: Ըստ իս՝ ոչ»,- հավելել է իրավաբանը։
