Логотип

Պեսկով․ Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի հիմնական կետերը

Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի (որը քննարկվում էր Ժնևում) հիմնական պարամետրերը փոխանցվել են Մոսկվային: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, այո’»,-հաստատել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը ստացել է համապատասխան փաստաթուղթը:

Պեսկովը նշել է, որ բոլոր կողմերը ձգտում են ուկրաինական կարգավորումը խաղաղ հուն բերել:

Խոսելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցի մասին` մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ժամկետների մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի բացահայտի քննարկվող կարգավորման բոլոր հնարավոր պարամետրերը:

«Բոլոր մանրամասները մենք հիմա չենք նշի, և, ըստ էության, նախագահը երեկ կոչ է արել չանել դա։ Այդ ամենը կքննարկվի»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վերաբերում էին միայն Դոնբասի՞ն, թե՞ նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչական սահմաններին։

Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի խոսքերը հնարավոր պայմանավորվածությունների միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, հավելել է, որ դրանց հետ կապված նրբությունները պետք է որոշվեն բանակցությունների ընթացքում:

Նա նաև անդրադարձել է Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը «լեգիտիմության խնդիր»։

«Զելենսկին իսկապես լեգիտիմության խնդիր ունի՝ կապված ընտրություններ անցկացնելու և փաստացի սահմանադրական կարգը պահպանելու ցանկության բացակայության հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման առանցքային տարրերը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ առաջընթաց կա, իսկ Ուկրաինան հնարավորինս արագ պետք է կողմնորոշվի իր դիրքորոշման հարցում: Թրամփի խոսքով՝ քննարկվում են սահմանների, անվտանգության երաշխիքների հարցերը և հատուկ բանագնացի հնարավոր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թրամփը նաև հստակեցրել էր, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Նա հայտնել էր, որ ապագա գործարքի կետերի զգալի մասն արդեն համաձայնեցված են, իսկ փաստաթղթի նախագիծը կրճատվել է՝ 28 կետից հասնելով 22 կետի: Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ խոսքն առայժմ «հայեցակարգի» մասին է, որի վրա աշխատանքները շարունակվում են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին հայտարարել էր, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել հնարավոր համաձայնագրի հիմքում, սակայն Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ այս պահին չկան: Ռուսական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվում ստանալ Կիևի և նրա եվրոպացի դաշնակիցների համաձայնությունը, որոնք, ինչպես կարծում են Մոսկվայում, շարունակում են ելնել ռազմաճակատում իրավիճակի մասին անիրատեսական պատկերացումներից:

Sputnik Արմենիա