Логотип

ՈՉ ԹԵ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա արտաքին աջակիցների նպատակն է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պարփակվի 29 800 քառակուսի կմ տարածքում և դադարի լինել Հայաստանը սփյուռքի հետ կապող կարևորագույն կառույցներից մեկը, ինչպես նաև կաթողիկոսը լինի ոչ թե Ամենայն հայոց, այլ միայն Հայաստանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին։

«Այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի ապագա կարգավիճակի հետ` արդյոք իր արտաքին ընտրողները կշարունակե՞ն իրեն աջակցել, թե՞ ոչ։ Մեզ շատ էմոցիոնալ և բարդ շրջան է սպասում»,– ընդգծեց Մաթևոսյանը։

Ըստ նրա` խնդիրը հետևյալն է` Թուրքիան հայկական սփյուռքի մեջ իր համար խնդիր է տեսնում, քանի որ, իր պատկերացմամբ, սփյուռքը Հայաստանի հետ կապող հիմնական օղակը Հայ առաքելական եկեղեցին է։

«Հիմա փորձ է արվում ոչնչացնել մի երևույթ, որը կոնկրետ թուրքական պետության համար սպառնալիք է ընկալվել…Ես չեմ ասում՝ եղել է, ես ասում եմ՝ ընկալվել»,– ընդգծեց քաղաքագետը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած գործընթացը, ըստ նրա, ոչ միայն քաղաքական է, այլ ավելի շատ աշխարհաքաղաքական։ Մաթևոսյանն այս համատեքստում հիշեցրեց ընթացիկ տարվա մայիսին Շվեյցարիայում տեղի ունեցած գագաթնաժողովը, որի ժամանակ Գարեգին 2–րդն իր ելույթում խոսել էր Արցախի մասին, արցախցիների վերադարձի և մեր մշակութային ժառանգության պահպանման մասին։ Դրան անմիջապես հաջորդեցին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի` հայ եկեղեցու դեմ արված հայտարարությունը և Փաշինյանի հարձակումը Հայ առաքելական եկեղեցու և անձամբ Գարեգին 2–րդի դեմ։ Այժմ արդեն, քաղաքագետի խոսքով, արշավին փորձ է արվում միացնել նաև որոշ եպիսկոպոսների։

«Ուղղակի նշենք, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի բացահայտեց իր բոլոր հնարավոր խաղաքարտերը. Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 50 եպիսկոպոս ունի, և, եթե ես չեմ սխալվում, նրանցից ընդամենը ինն են համբուրել Փաշինյանի աջը, մինչդեռ սա Ալիևի աջը համբուրել էր»,– նշեց Մաթևոսյանը։

Ըստ նրա` այս դեպքում կաթողիկոսը պարզապես պետք է շարունակի իր դիրքերում, իր բարձրության վրա մնալ։

«Միգուցե շատ էմոցիոնալ բան ասեմ, բայց կաթողիկոսը բանտում էլ է շարունակելու մնալ կաթողիկոս, տնային կալանքի պարագայում էլ շարունակելու է մնալ կաթողիկոս։ Սա է իրականությունը»,– նշեց քաղաքագետը։

Նրա համար տարօրինակ է Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների պատճառաբանությունը, թե երկխոսելու համար են հանդիպել։

«Ինձ համար այդ ձևակերպումը անհասկանալի է` ո՞ւմ հետ երկխոսելու, Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, Նիկոլ Փաշինյանը ինձ հետ հավասար Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է, եթե իհարկե այս հարցում իր խոսքերը ճշմարտացի են։ Պետությունը տարանջատված է եկեղեցուց, ինքը ի՞նչ կապ ունի, ինքը ո՞վ է, որ իր հետ պետք է երկխոսության մեջ մտնել։ Իմ խորին համոզմամբ` ընտրել են եկեղեցում մաքսիմալ խոցելի անձանց ու իրենց են բերել, Նիկոլ Փաշինյանի հետ մեկ սեղանի շուրջ նստեցրել»,– նշեց Մաթևոսյանը։

Նրա համար առավել տարօրինակ է այն, որ եպիսկոպոսների մեջ կար մեկը (նկատի ունի Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին. խմբ.), ում թեմը Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ հանդիպում է ունեցել 8 հոգևորականի հետ։ Կառավարություն էին գնացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանն էլ կարծում է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի քայլերը հասարակությանը, մեղմ ասած, չեն հետաքրքրում։

«Իր այդ օրակարգը կարելի է համարել կեղծ, որովհետև ամենամակերեսային հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը սրանով ո՛չ ապրում է, ո՛չ շնչում, ո՛չ արտաշնչում։ Պետք է զգուշացնեմ ևս մեկ անգամ, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կաթողիկոսը սատարումը ունի ոչ միայն Կիլիկիո տան կաթողիկոսության, ոչ միայն Երուսաղեմի պատրիարքության, ոչ միայն Կոստանդնուպոլսի պատրիարքության, այլ նաև հսկայական թվով եպիսկոպոսների կողմից։ Եթե եպիսկոպոսաց ժողով լինի, պարզ է, թե կշեռքի նժարը որ կողմ կգնա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աստվածաբանը։

Ըստ նրա` անընդունելի է շարունակել այս կեղծ օրակարգը, երբ երկրում գոյություն ունեն շատ ավելի կարևոր, անվտանգային հարցեր, ու ընկել մի բանի հետևից, որը առաջացնում է նորանոր ճաքեր հասարակության, եկեղեցու ներսում։ Դա, Խաչատրյանի խոսքով, Հայաստանում որևէ մեկի շահերից չի բխում։

«Մեր բոլոր տեսակի քայլերն այսօր միայն Հայաստանի Հանրապետության և հայության շահերից պետք է բխեն։ Ես այս գործընթացի մեջ Հայաստանի Հանրապետության և հայության շահեր որևէ կերպ չեմ տեսնում, քանի որ հակառակ դեպքում դրանով պետք է հուզված, մտահոգ լինեին բոլորը, ինչն այդպես չէ»,– ընդգծեց աստվածաբանը։

Sputnik Արմենիա