Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը Սուրբ Սարգիս եկեղեցում հնչեցնելու համար ոստիկանությունը 2 հոգու բերման ենթարկեց` ռեժիսոր և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին, ակտիվիստ Հայկ Դորունցին։
«Հավանաբար տեսան, որ կաթողիկոսը Գարեգին Բ-ն է»,– բերման ենթարկելու պահին լրագրողի հարցին, թե ինչու են նրան բերման ենթարկում՝ պատասխանեց Իշխանյանը։
Մինչ այդ, երբ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցող Ս. Երրորդություն եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը չհնչեցրեց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը, որն ըստ եկեղեցական կարգի՝ պարտավոր էր անել։ Հովհաննես Իշխանյանը և Հայկ Դորունցը եկեղեցում բղավեցին Վեհափառի անունը՝ ասելով, որ գրաքննում են պատարագը և կաթողիկոսը Գարեգին Բ–ն է, Արցախն էլ հայկական է։ Նրանց կոպտորեն և քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին.
«Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան»,– ասացին կառույցից։
Նշենք, որ Հայկ Դորունցին բռնի ուժով դուրս էին հանել նաև հոկտեմբերի 26–ին Հովհաննավանքում կատարված միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դորունցն ընդամենը ասել էր, որ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն իրավունք չունի եկեղեցում պատարագ մատուցելու։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում էր կիրակնօրյա պատարագին։ Պատարագիչը Ս. Երրորդություն եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանն էր։ Հատկանշական է, որ Ս. Սարգիս եկեղեցու քահանաներից և ոչ ոք այսօրվա պատարագը չմատուցեց։ Այս անգամ էլ պատարագիչ քահանան չհնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը։
Նույն եկեղեցում պատարագին մասնակցում էր նաև «Մեր ձևով» ընդդիմադիր շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
