Логотип

Մադուրոն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ մեկուկես տարի անց

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Միացյալ Նահանգներին տեղյակ է պահել, որ պատրաստ կլինի պետության ղեկավարի պաշտոնը թողնել մեկուկես տարի հետո, պնդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

«ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական բանակցությունների ընթացքում Մադուրոն հայտարարել է, որ ի վերջո պատրաստ է հրաժարական տալ, սակայն ոչ շուտ, քան 18 ամիս անց», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքը նշում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Վենեսուելայի ներկայացուցիչները և ինքը՝ Մադուրոն, տարբեր միջոցնրով կապ են հաստատել Միացյալ Նահանգների հետ՝ երկրների միջև հնարավոր շփումների վերաբերյալ։

«The Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, նախկինում հաղորդել էր, որ «Թրամփը զրույցի ընթացքում Մադուրոյին ասել է, որ եթե նա կամավոր չհեռանա, Միացյալ Նահանգները կքննարկի տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը»։

Իր հերթին, The New York Times թերթը գրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ և քննարկել նրա հետ անձնական հանդիպման հնարավորությունը։

«Զրույցը տեղի է ունեցել շաբաթվա վերջին, հայտնել են բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ։ Դրա ընթացքում քննարկվել է Միացյալ Նահանգներում երկու առաջնորդների անձնական հանդիպման հնարավորությունը», – ասվում է հրապարակման մեջ։

Թրամփը հաստատել է Մադուրոյի հետ հեռախոսազրույցի փաստը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններից։

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա, բայց պատասխանը «Այո» է։ Ես չեմ ասի՝ զրույցը լավ է անցել, թե վատ։ Դա հեռախոսազանգ էր», – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One-ի վրա, երբ իրեն հարցրել են, թե արդյոք խոսել է Մադուրոյի հետ։

News.am