Логотип

ԱՄՆ-ում ԲԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՆ Է

Լուսանկարը՝ Ստեֆան Ֆալկեի

44-օրյա Արցախյան պատերազմից և դրան հետևած Արցախի հայաթափումից հետո Սյունիքի շուրջ ստեղծվեց մի իրավիճակ, որը վտանգի տակ դրեց ամբողջ Հայաստանը։ Իրավիճակն անհանգստության ալիք բարձրացրեց ոչ միայն հայաստանցիների, այլ նաև այն սփյուռքահայերի մոտ, ովքեր անտարբեր չեն Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Արձագանքը տարբեր դրսևորումներ ստացավ, այդ թվում մշակույթի ոլորտում։ Վառ օրինակներից մեկն է «Սյունիք. Դիմացկունության բնապատկեր» լուսանկարչական ցուցահանդեսը, որը վերջերս իր դռները բացեց ԱՄՆ-ի Hastings-on-Hudson բնակավայրում:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ «TED & NUNE STUDIO» ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ, ՈՐԸ ՀԻՄՆԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ Թեդ Անդրեասյանը և Նունե Քարամյանը։ Նախագիծն իրենից ներկայացնում է հեղինակային լուսանկարների ինքնատիպ շարք՝ նվիրված Սյունիքի պատմությանը, ճարտարապետական ​​հուշարձաններին, յուրօրինակ բնությանն ու նրա ամենագեղեցիկ, «վայրի» լեռ Խուստուփին: Այն ներառել է 25 աշխատանք, որոնց չափերը տատանվում են 50×50-ից մինչև 100×150: Բոլորն արվել են վերջին տարիների ընթացքում, Թեդի և Նունեի՝ Սյունիքի հայտնի և քիչ այցելվող բնակավայրեր ու տեղանքներ կատարած արշավների ժամանակ։

Ցուցահանդեսը դուրս է ավանդական շրջանակներից։ Փորձառու լուսանկարիչներն այն հղացել են որպես գլոբալ նախագիծ, որտեղ ամեն մի կադրը ուղեկցվում է ընդարձակ տեքստով՝ տպված կարմիր ժապավենի վրա։ Չընդհատվող ժապավենն իր հերթին փակցված է լուսանկարների տակ և պարունակում է Սյունիքի պատմությանը վերաբերող հիմնական տեղեկություններ ու այս տարածքի հուշարձանների մասին փաստեր, ինչի շնորհիվ ցուցադրության վիզուալ բովանդակությունը ստացել է իմաստային խորություն։

«Հայաստանի հարավում գտնվող, լեռներով շրջապատված Սյունիքը զառիթափ լեռնաշղթաների, խորը հովիտների, վանքերի և ամրոցների աշխարհ է։ Այս շրջանի բնությունը նույնքան սրբազան է, որքան նրա մշակույթը, սա մի վայր է, որտեղ պատմությունն ու աշխարհագրությունը միահյուսված են։ Իր անհանգիստ անցյալի ընթացքում Հայաստանն անընդմեջ դիմակայել է զավթիչ բանակներին և իր մշակույթը ոչնչացնելու բազմաթիվ փորձերին։ Պատմականորեն Սյունիքը Հայկական լեռնաշխարհի վերջին հայկական տապալված թագավորությունն է, – նշում են իրենց շնորհանդեսային հաղորդագրությունում Թեդ Անդրեասյանը և Նունե Քարամյանը։ – Արցախի կորստից հետո Սյունիքը դարձավ Հայաստանի հարավային հարատևության ամրոցը։ Նրա նշանակությունը երկրի համար ոչ միայն ռազմավարական է, այլև տնտեսական, ժողովրդագրական, հոգեբանական և խորհրդանշական։ Այն կրում է իր մեջ ինչպես Արցախի տոկունությունը, այնպես էլ նրա ողբերգությունը. Սյունիքի անվտանգությունը դարձել է Հայաստանի սեփական գոյատևման հոմանիշը»։

Առաջին տարին չէ, ինչ Թեդ Անդրեասյանն ու Նունե Քարամյանը լուսանկարում են Հայաստանի, ինչպես նաև մեր պատմական հողերի, պատմամշակութային ժառանգությունը։ Մի քանի տարի առաջ նրանք լույս ընծայեցին «Stone and Candle» («Քար և մոմ») լուսանկարչական ալբոմը, որում տեղ գտան Հայաստանի ու Արցախի թե՜ բոլորին քաջ ծանոթ, թե՜ ոչ այդքան հայտնի վանքերի ձմեռային պատկերները։ Ճերմակ ձյունն իբրև հոգու մաքրության խորհրդանիշ ավելի ցայտուն է դարձնում եկեղեցիների ճարտարապետությունն ու հինավուրց քարերը, նաև ընդգծում է նրանց աննկատ ջերմությունը, որը դարեր ի վեր տվել է մոմի լույսը։ Նախագիծը մեծ հաջողություն ունեցավ, Թեդն ու Նունեն շարունակեցին այցելել և լուսանկարել Հայաստանն իր դարավոր կոթողներով, ընդլայնեցին նույն հուշարձանի տարբեր եղանակներին արված պատկերների ցանկը և հարստացրեցին հայ պատմամշակութային գոհարների իրենց «լուսանկարչական զարդատուփը»։

Վերջին տարիներին նրանց մասնագիտական ​​հետաքրքրությունները տեղափոխվեցին դեպի Արևմտյան Հայաստանի պատմական վայրերն ու հուշարձանները, որոնցից շատերն այսօր գրեթե ամբողջովին ոչնչացված են, կիսավեր են, անգամ վերածված են մզկիթների, տների, գոմերի և այլն։ Լուսանկարիչների համար հետազոտության առանձնահատուկ թեմա է Սյունիքը, որի շուրջ գնալով ավելի խիտ ամպեր են կուտակվում, վտանգի ենթարկելով Հայաստանի այս շրջանը: Թեդ Անդրեասյանի նախնիներն Արևմտյան Հայաստանից են, մինչդեռ Նունե Քարամյանը ծագումով Կապանից է: Սյունիքը, որտեղ նա մեծացել է հայկական ժառանգության եզակի հուշարձաններով շրջապատված, նրա ինքնության մի մասն է, այստեղից էլ բխում է նրանց երկուսի ցանկությունը՝ աշխարհին պատմելու նախնիների հողերի մասին:

«ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ՄԵԶ ԽԻՍՏ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈԻՄ ԵՆ ՈՒ ՄՏԱՀՈԳՈՒՄ։ Սյունիքը, որը հարուստ է պղնձով, մոլիբդենով, անտառներով և գետերով, բախվում է ռեսուրսների արդյունահանման և շրջակա միջավայրի վրա ճնշումների հետ կապված մարտահրավերների։ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն, Ադրբեջանը և Թուրքիան այն դիտարկում են որպես էներգետիկ, առևտրային և կենսական նշանակություն ունեցող միջանցք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում նոր տարանցիկ ծրագրերը միտումնավոր անտեսում են մարդկանց կենսական իրավունքներն ու հարաբերությունները՝ տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, մշակութային ժառանգության պաշտպանությունը, կալանավորների ազատ արձակումը և Սյունիքի համայնքների ձայնի իրավունքը, – կիսվում է իր անհանգստությունով Թեդ Անդրեասյանը։ – Սյունիքը կենդանի արխիվ է՝ հայ ազգի ժառանգության հսկայական հիշողության պահոց, որը պահպանվում է 2800 տարի շարունակ՝ մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մեր օրերը։ Այն հեռավոր նահանգ կամ բնության մեկուսացված վայր չէ։ Սյունիքը ինֆորմացիայի աղբյուր է այն մասին, թե ինչպես է գրվում պատմությունը և ում ձայներն են լռեցվում կամ խեղաթյուրվում։ Այն, ինչը պահպանվել է Սյունիքում՝ ժայռերին կառչած եկեղեցիները, ավերված ամրոցները, լեռնային գյուղերը, յուրօրինակ խոհանոցը, որը սերտորեն կապված է սնունդ հայթհայթելու հետ, տիպիկ բարբառը, որ կարող է օտար թվալ մյուս հայերի համար՝ այս ամենը խոսում է արմատներ պահպանելու համընդհանուր մարդկային իրավունքի մասին։ Մենք հասկացանք, որ Սյունիքի մասին պետք է բարձրաձայնել այստեղ և հիմա, և, կողքի դնելով այլ նախագծերն ու աշխատանքը, որոշեցինք շուտափույթ կազմակերպել այս ցուցահանդեսը, որը ներկայացնում է Հայաստանի այդ տարածաշրջանի հսկայական ժառանգության փոքր մասը»

Թեդի և Նունեի նպատակն է արվեստանոցի այցելուներին ծանոթացնել Սյունիքի պատմությանը իրենց արվեստի միջոցով։ Նրանց լուսանկարները պարունակում են ժամանակակից Սյունիքի հուշարձանները, այնինչ պատմական Սյունիքը իր մեջ ներառում էր ներկայիս Հայաստանի նաև այլ շրջաններ։ Ցուցադրության «պատմական ժապավենը» պարունակում է հարուստ տեղեկություն։ Անդրադարձ է կատարված հայկական բրոնզե դարին, քրիստոնեության իբրև պետական կրոն ընդունմանը, հայոց այբուբենի ստեղծմանը, Սյունիքի ամենահին սրբավայր Երիցվանքին (5-րդ դար), Սյունիքի/Բաղաց թագավորությանը (9-12-րդ դդ․), Տաթևի, Վահանավանքի, Որոտնավանքի, Բղենո-Նորավանքի և այլ վանքերի հիմնադրմանը, 17-րդ դ․ Դավիթ Բեկի շարժմանը, 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը, Սյունիքի ջարդերին, ԽՍՀՄ կազմավորմանը և Գարեգին Նժդեհի պայքարին Սյունիքի համար։ Ցուցահանդեսը ներառում է նաև պատմական քարտեզներ, ինչը ավելի փաստագրական է դարձնում այն։

«Մենք նաև անդրադարձ ենք կատարել Արցախի հանձնման թեմային, որից հետո Սյունիքը դարձավ Հայաստանի դարպասն ու կարմիր գիծը, – շարունակեցին լուսանկարիչները: – Ավելին, ցուցադրելով քարտեզները մենք միաժամանակ ցույց ենք տալիս Սյունիքի պատմական կապը Արցախի հետ, որն առկա է միջնադարյան Հայաստանի բոլոր քարտեզներում: Վերջին տեքստային սլայդը «Զանգեզուրի միջանցքի» պատմությունն է, ինչպես այժմ կոչում են Սյունիքի այն հատվածը, որը դարձել է համաշխարհային հետաքրքրության թիրախ, և Մեղրիի լուսանկարը՝ հայկական դրոշով և դեպի Իրան բացվող տեսարանով»:

«Syunik: Landscape of Endurance» ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 8-ին, որն ԱՄՆ-ում համընկնում է «Բաց ստուդիայի օրվա» հետ։ Այն տարին մեկ անգամ անց է կացնում River Arts կազմակերպությունը, «Օրվա» շրջանակում մարդիկ հնարավորություն են ստանում անվճար այցելելու վիզուալ արվեստով զբաղվող բազմաթիվ օջախներ։ Բացմանը «Ted&Nune Studio»-ն մարդաշատ էր և նշանակալից է, որ հայերն ավելի քիչ էին, քան այլազգիները, իսկ հաջորդող օրերին ցուցասրահը սկսեց լցվել ոչ միայն անհատ այցելուներով, այլև տարբեր խմբերով, կազմակերպությունների ներկայացուցիչներով։ Այցելուների թվում էին նաև Նյու Յորքի Սուրբ Ներսես հայկական ճեմարանի սաները։ Ամռանն այս հաստատությունում անցկացվող՝ Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովի շրջանակներում Թեդը և Նունեն կազմակերպել էին շնորհանդես՝ նվիրված Հռոմկլա բերդին, որտեղ 1150 թ․ բնակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասում։ Լուսանկարիչները նաև մտադիր են հրատարակել «Syunik: Landscape of Endurance» նախագծի արդեն իսկ պահանջված կատալոգը։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թ․ հունվարի 31-ը։ Ավելին, ամուսինները մտադիր են եկամուտի 30% ուղղել դեպի Սյունիքում իրականացվող երկու ծրագրերին, որոնցից մեկը նպատակաուղղված է երիտասարդության կրթության աջակցությանը, իսկ մյուսը՝ մարզի համայնքի հզորացմանը։ Չի բացառվում, որ նախագիծը կցուցադրվի Հայաստանում, եթե գտնվեն հետաքրքրված կազմակերպություններ։