Սփյուռքում բոլորը քննադատում ու դատապարտում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Ես չիմացա, չհանդիպեցի, չլսեցի գեթ մեկ կազմակերպություն, որը կօժանդակի այս արշավը: Հստակ է, որ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավը Սփյուռքում չի ընդունվում: Բոլորը քննադատում ու դատապարտում են այն: Սփյուռքն ասում է՝ սա Փաշինյանի հերթական անպատասխանատու և անհեռատես քաղաքականությունն է, որ թուլացնում է Հայաստանը»,- նշել է Փափազյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի առաքելությունը հենց Հայաստանի դիրքերն թուլացնելն է ու ժողովրդին բաժանելը. եկեղեցին էլ հերթական թիրախն է:
«Փաշինյանը հիմա պատրաստվում է առաջիկա ընտրություններին ու սա եկեղեցու դեմ հերթական արարն է: Վարչապետն ուզում է ոչնչացնել այն ուժերին, որոնք ընդդիմանում են իր վարած քաղաքականությանը, համաձայն չեն դրան․ բոլորին ուզում է սեղմել: Այն, ինչ հիմա նա անում է, ապօրինի է: Փաշինյանն ինքն է ցանկանում նշանակել հայոց Հայրապետ, այն դեպքում, երբ դա հակասում է Սահմանադրությանը»,- ընդգծել է Մուրադ Փափազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
