Логотип

Մարթա Կոս․ Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով

Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը Եվրամիության տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով, հայ լրագրողների հետ հանդիպմանը Բրյուսելում հայտնել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը, գրում է Ազատությունը։

Ըստ Մարթա Կոսի՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։

«Այս հարցը գտնվում է Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ:

Այնպես որ, ևս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի երկրի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության մասով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որոնք այնուհետև կֆինանսավորվեն: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, ովքեր փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր Կառավարությանը այս հարցում»։

Սեպտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, թե եվրոպացի մասնագետների կողմից արձանագրված թերությունների հիմնական մասը վերացվել է, ու չէր բացառել, որ Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» կարող է դուրս գալ այս տարեվերջ։

«Այդ առումով նաև հիմնական նիստը, որը նախատեսված է 2025 թվականի տարեվերջին, մեծ հավանականությամբ՝ նոյեմբեր ամսին, կտա մեր համար ցանկալի հարցերի պատասխանը, և ես հույս ունեմ, որ էդ ցանկալի հարցը կլինի, որ Հայաստանը դուրս գա եվրոպական ավիացիոն «սև ցուցակից», – ասել էր Խուդաթյանը:

2019 թվականին Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում այդ թվում թռիչքային անվտագությանն առնչվող գրեթե չորս տասնյակ խնդիրներ էին հայտնաբերել ու ուժեղացված վերահսկողություն սահմանել կոմիտեի նկատմամբ։ Ամիսներ անց արդեն՝ 2020-ին հայաստանյան ավիաընկերությունները ներառվեցին գործակալության ավիացիոն «սև ցուցակում»։ Եվրոպացի մասնագետներն արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային անգամ նվազագույն չափորոշիչներին։

News.am