Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում: Այս մասին գրում է «Հետքը»:
Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։ Այդպիսով ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չէր կառուցվում:
Թուֆենկյանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս
Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը պատասխանելիս նշել է, որ Կառավարության որոշումներով տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի Էմ Սի» ընկերությունը, որն իրականացնում է իրացման աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության 2014թ․ որոշման` «Հին Երևան» համալիրի կառուցապատումն իրականացնելու է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն։
«Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ն ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի (տարբեր աղբյուրներում նա հիշատակվում է որպես Վարդան Սիրմաքեշ) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում խոստովանում է, որ ընկերությունը պատրաստ էր, այսօր էլ դեմ չէ խելամիտ փոխհատուցման պարագայում գույքը հանձնել կառուցապատողին: Սակայն մինչև 2022 թվականը կառուցապատողը որևէ բանակցային գործընթաց չի նախաձեռնել գույքն օտարելու նպատակով, ինչից դրդված՝ Թուֆենկյանը որոշել է իրավական գործընթաց սկսել:
«Մենք հասկացել ենք, որ այս գործընթացը վերջ չունի, գումարած դրան, նշաններ ենք տեսել, որ այս պրոցեսը վերջ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ մեր իրավունքները շատ կոպիտ ձևով խախտվեն: Այսինքն` մենք համաձայն ենք, որ գույքն իրական արժեքից էականորեն ցածր արժեքով վերցնեն մեզնից այն դեպքում, երբ գույքը մեզնից պետք է շուկայական արժեքից էլ 15% բարձր արժեքով գնեն։ Օրենքն է այդպես պահանջում»,- նշում է Միքայել Դանիելյանը:
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023թ. փետրվարին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության)` խնդրելով հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:
Փաստաբանը չի թաքցնում, որ իրավական այս գործընթացի նպատակը ոչ թե պետությունից գումար ստանալն է, այլ սեփականության իրավունքի խախտման փաստը ներպետական ատյաններում կամ հաստատելը, կամ մերժելը, որը ճանապարհ կբացի դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
News.am
