Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այս մասին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը` նշելով, որ քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացել է եզրակացությունը։
«Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։ Ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` փորձագետը եզրակացությունն արել է տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատելով։
Բաբայանը մեջբերել է եզրակացությունից մի հատված, որում նշված է` քանի որ պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։
«Այսինքն` ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չէ՞, որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը, նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը»,– գրել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։
«Այսինքն՝ չի՞ ստուգվել արդյոք տեսագրությունն իրական է, թե, օրինակ, արհեստական բանականությամբ ստեղծված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով` կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,– եզրափակել է Բաբայանը։
Sputnik Արմենիա
