Логотип

Պետբյուջեի նախագիծը վերանայվել է. նախարարն ասաց` որ գերատեսչությունների գումարն է ավելացել

ՀՀ պետական բյուջեի նախագիծը վերանայվել է. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հիմնական մասն անփոփոխ է մնացել, փոփոխություններ են եղել ծախսերի և որոշ գերատեսչություններին տրամադրվելիք գումարների մասով։ Այսօր ԱԺ–ում պետական բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ այս և մի շարք այլ ցուցանիշներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ պատգամավորներից ստացել են 30 առաջարկ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերել են տարբեր միջոցառումներում 4.9 մլրդ դրամի ավելացմանը։ Այս առաջարկներից 12–ը չի ընդունվել։

Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` Հովհաննիսյանը նշեց, որ 2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52,9 տոկոս։

Պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 4.5. տոկոսը։ Բյուջեի նախագծի վերանայումից հետո այն կազմել է 536 մլրդ դրամ` նվազելով 0.7 մլրդ դրամով։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա նախնական տարբերակի 3 տրլն 628 մլրդ դրամը շատ քիչ նվազել է` կազմելով 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով նախնական նախագծում նշված 2 տրլն 924 մլրդ դրամը ևս նվազել է` կազմելով 2 տրլն 923 մլրդ դրամ։

«Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ»,– տեղեկացրեց նախարարը։

Գերատեսչությունների մասով Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ էկոմոնիկայի նախարարության ծախսերն ավելացել են 38.5 մլրդ դրամով` կազմելով 113 մլրդ դրամ, արդարադատության նախարարության գծով` 1 մլրդ 247 մլն դրամով` կազմելով 25.547 մլրդ դրամ, վարչապետի աշխատակազմի գծով` 157.3 մլն դրամով` կազմելով 183.104 մլրդ դրամ` պայմանավորված Ֆրանկոֆոնիայի ազգային խաղերի կոմիտեի աշխատանքների համակարգմամբ, բարձրագույն դատական խորհրդի գծով ծախսերն ավելացել են 34,5 մլրդ դրամով` «Դատալեքս» համակարգի ծախսերը հոգալու համար, շրջակա միջավայրի նախարարության գծով ծախսերն ավելացել են 341.6 մլն դրամով, առողջապահության նախարարության գծով` 1 մլրդ դրամով։

Ավելացել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը` 1.2 մլրդ դրամով, ԿԳՄՍՆ գծով ևս ավելացում կա` 3 մլրդ 782 մլն դրամով։

Հովհաննիսյանի խոսքով` փոխարենը նվազել են իր ղեկավարած նախարարության ծախսերը 3.3 մլրդ դրամով, որը տեղի է ունեցել պետական ծախսերի վերագնահատման արդյունքում։

«Այս ամենով հանդերձ է, որ 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ, քան երբևէ, կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ` կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան, համոզված` ձեռնարկած բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժն ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարումը շարունակելու է գործել նպատակային և արդար»,– հայտարարեց ֆինանսների նախարարը։

Ըստ նրա` 2025 թ. բյուջեի կատարման իրենց վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5.5 տոկոս բյուջի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում ՀՀ պետական պարտքը չի հատի ՀՆԱ–ի նկատմամբ 50 տոկոսի շեմը։

Sputnik Արմենիա