Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընտրություններում կայուն մեծամասնության հետ կապված որոշում է կայացրել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Գործող կարգավորումներում խորհրդարանական ընտրություններում հաղթում է այն ուժը, որը 50% + 1 ձայն է ստանում։ Եթե որևէ ուժ այդքան ձայն չի հավաքում ու չի հաջողվում խորհրդարան անցած ուժերի հետ կոալիցիա կազմել, ապա 2–րդ փուլ է անցկացվում։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը՝ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք։ Մյուս քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են ընտրական շեմը (4%` կուսակցությունների, 8-10%` դաշինքների համար), իրավունք ունեն միանալու երկրորդ փուլի մասնակից այդ երկու ուժերից որևէ մեկին։
«Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ հիմնական ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում, կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք 2–րդ փուլ, այլ լինեն նոր ընտրություններ։ Այսինքն՝ նոր ընտրություններով նոր հնարավորություն ստեղծենք քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որ համախմբվելու ավելի մեծ հնարավորություն լինի»,– ասաց նախարարը։
Գալյանի խոսքով՝ առաջին ընտրություններում առավելագույն քվեներ ստացած կուսակցությունները որևէ ազդեցություն կամ առավելություն չեն ունենա մյուս ուժերի նկատմամբ։
«Զրոյական մեկնարկային կետից կլինեն նոր ընտրություններ, որի արդյունքներով կրկին, եթե ձևավորվի այդ մեծամասնությունը, այդ դեպքում նոր կունենանք 2–րդ փուլ՝ այն կարգավորումներով, որոնք այսօր կան»,– ընդգծեց Գալյանը։
Արդարադատության նախարարի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովների գործառույթների մասին։
«ԱԺ գլխադասային հանձնաժողովները հնարավորություն են ունենալու խորհրդատվական կարծիք ասել գործադիր մարմնում պաշտոնի նշանակվող անձանց մասին։ Ինչպես նաև ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով է լինելու։ Մշակվել են նաև ԱԺ ինքնալուծարման մեխանիզմները»,– նշեց Գալյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
