Логотип

Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակման հարցը Լիբանանի ուշադրության կենտրոնում է

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը լիբանանյան կողմի ուշադրության կենտրոնում է։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջին։

Ինչպես հայտնում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, Լիբանանի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Էուլջեքչյանի հարցին վերաբերող անհրաժեշտ դիմումները կատարվել են։ Միաժամանակ, նա շեշտել է, որ կարևորն այն է՝ հայկական կողմը շարունակի հետամուտ լինել այս խնդրին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էուլջեքչյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է։ Նա չի կարողանում քայլել, կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվում։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ։ Նրա միջազգային փաստաբանները բազմիցս դիմել են միջազգային տարբեր կառույցների։

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։

Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։

Sputnik Արմենիա