Логотип

Դատարանը վերացրեց Սեյրան Օհանյանի բացակայելու արգելքը

Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Այսօր կայացած դատական նիստում համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է` հաշվի առնելով նախկինում Օհանյանի դրսևորած պատշաճ վարքագիծը»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7–ին բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։

Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։

2025թ–ի հուլիսի 8–ին դատարանը Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց բացակայելու արգելքը։