ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի համար տարակուսելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Քի Վեսթում բանակցված փաստաթուղթը չկա։ Այդ մասին Քոչարյանն ասաց այսօր Բագրատ սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսից առաջ՝ լրագրողների հետ զրույցում։
Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ ինչ-որ պատճառով դա ՀՀ ԱԳՆ-ում չկա, ապա հաստատ պետք է ունենան Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ ԵԱՀԿ-ն, ուստի կառավարությունը կարող էր այն ձեռք բերել։ Արձագանքելով իշխանությունների մեղադրանքներին, թե Քի Վեսթը դավադրություն էր, Մեղրին պետք է փոխանակվեր Արցախի հետ և այլն, Քոչարյանը հայտարարեց՝ նման բան չի եղել, հերթական անգամ փորձում են հիմարացնել մարդկանց։
«1999թ․ սկսված բանակցությունները՝ Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ, իրենց հանգուցալուծումն են ստացել Քի Վեսթում։ Բացարձակապես Մեղրին փոխանակելու տարբերակ չի եղել, խոսք է գնացել ճանապարհ տրամադրելու մասին, որի դիմաց Արցախը դառնում էր Հայաստանի մաս։ Ինչու՞ են դա հիմա անում, որովհետև իրենք հիմա փաստացի ճանապարհ են տրամադրում, կարելի է ասել, ոչնչի դիմաց։ Անհամեմատելի է։ Ինչ էինք մենք դրա դիմաց ստանում, ու ինչ է հիմա»,- ասաց Քոչարյանը։
Նախօրեին կառավարությունը հրապարակել էր 2019թ․ բանակցային փաստաթղթերից։ Իսկ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ Կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա։
«Ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է, որ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել հոկտեմբերի 27 և դրան նախորդած և հաջորդած իրադարձություններ. ուրիշ որևէ բացատրություն չկա»,- հայտարարել էր Փաշինյանը։
Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև նախօրեին հրապարակված բանակցային փաստաթղթին՝ նշելով, որ այն ցույց է տալիս՝ Արցախը կարող էր ունենալ ինքնորոշվելու իրավունք Ադրբեջանից դուրս։
«Ինչքան էլ փորձեն մանիպուլյացնել, դա սևով գրված է սպիտակի վրա»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորին նաև զարմացնում է, որ փաստաթղթերի շարքում հրապարակվել էր նաև «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ» վերնագրով մի թուղթ, որտեղ հղում էր արվում «Հայկական ժամանակի» 2008թ․ հոդվածին, թե իբրև խմբագրությանը տրամադրվել է նման պայմանավորվածության վերաբերյալ գաղտանզերծված փաստաթուղթ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2–ին հրապարակել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։
Sputnik Արմենիա
