Երաշտի և ջրային ճգնաժամի ֆոնին Թեհրանը հարևան մի շարք երկրների հետ քննարկում է Իսլամական Հանրապետությունում ջրի պաշարների ստեղծումը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։
Ավելի վաղ ISNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի հիմնական ջրամբարներում ջրի մակարդակը 32 տոկոս է:
«Խնդիրներից մեկն այն է, որ մենք կարողանանք ջրի ավելցուկ ստեղծել, դրա մասին մենք բանակցում ենք հարևանների հետ։ Սակայն այն տարածաշրջանում և այն աշխարհագրական լայնության վրա, որտեղ գտնվում է մեր երկիրը, մյուս երկրները նույնպես դժվարություններ ունեն, ուստի այս իրավիճակում մենք ձգտում ենք օգտվել որևէ երկրի հնարավորություններից, որը պատրաստ կլինի ջուր արտահանել Իրան»,-ասել է իրանցի պաշտոնյան։
Նոյեմբերի 8-ի դրությամբ, Fars գործակալության հաշվարկով, երկրի 19 ջրամբարներ, այսինքն՝ Իրանում գործող բոլոր ջրամբարների գրեթե մեկ տասներորդը, լիակատար չորացման եզրին են, դրանց ջրի պաշարները կազմում են 5 տոկոսից էլ պակաս:
Նշենք, որ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ երկրում դիտարկվում է «վերջին 50 տարվա ամենաչոր աշունը»: Տեղումների մակարդակը բազմամյա միջին ցուցանիշի համեմատ նվազել է 89%-ով։
Մերձավոր Արևելքում ջրային ռեսուրսների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները երկրների միջև լարվածության առարկա են դառնում տեղումներ ստեղծելու մեթոդների հարցի պատճառով։ Իրանի իշխանությունները նախկինում Իսրայելին և ԱՄԷ-ին մեղադրել էին ամպային ցողիչով «անձրևին միջամտելու» մեջ ՝ պնդելով, որ ամպերը ջրային պաշարներից զրկվում են նախքան Իրան հասնելը։
Sputnik Արմենիա
