Логотип

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԿԱՎ ԻՐ ԻՍԿ ՀԵՏՔԻՆ

Փաշինյանը սպառնում էր հրապարակել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթեր, որոնք, իբր, պատրաստ էին ապացուցելու իր մի ինչ-որ իրավացիություն։ Այն է թե՝ Ղարաբաղը հանձնել են դեռ իրենից առաջ, իբր՝ Քոչարյանը մտադիր էր փոխանակել Մեղրին Արցախի հետ։ Ասել է թե՝ պատերազմն անխուսափելի էր, այլ ոչ թե, բացի ամենից՝ իր ձախողված դիվանագիտության հետևանք։ Եվ այդպես շարունակ…

ՀՐԱՊԱՐԱԿԵՑ։ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԼՈԿ ՀԱՍՏԱՏԵՑԻՆՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՓԱՍՏԸ. Փաշինյանի մեղքը Արցախը հանձնելու հարցում։ Քանզի նա պարզապես ստում էր, երբ նախքան 44-օրյա պատերազմը և դրանից որոշ ժամանակ անց ասում էր, թե կարգավորման որևէ ծրագիր իրեն չի ներկայացվել… Իրականում միջնորդները նման առաջարկ ներկայացրել են 2019-ի հունիսին։ Միայն թե ինքնասիրահարված Փաշինյանը չի ցանկացել քննարկել դա, հայտարարելով, ամենայն հավանականությամբ՝ ոչ միայն համաքաղաքացիներին, այլև Մինսկի խմբի միջնորդներին, որ ինքը իր կետից է լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Եվ լուծեց. Իր կետից…

Իսկ ինչ վերաբերում է Արցախը Մեղրիի հետ փոխանակելու «պլանին», ապա արխիվները եռանդագին քչփորելով՝ Փաշինյանը չգտավ ավելի լավ բան, քան որպես նման ծրագրի ապացույց ներկայացնել իր «Հայկական ժամանակ» թերթում տպված հոդվածը։ Այն պարզ պատճառով, որ բանակցային սեղանին այդպիսի ծրագիր միջնորդների անունից երբեք չի դրվել։ Այո, Հեյդար Ալիևը նման միտք հղացել էր և, իհարկե, ոչ ոք չէր կարող նրան արգելել երազել, բայց լոկ այդքանը…

Իսկ այ, թե իրականում ինչ են առաջարկել միջնորդները Քի Ուեսթում, այդ փաստաթուղթը Փաշինյանը չգիտես ինչու չգտավ։ Կորցրել էր ինչ-որ տեղ, հավանաբար, հեծանիվով զբոսանքների ժամանակ։

Վերջապես, իբրև պատերազմի անխուսափելիության ապացույց Փաշինյանը «սենսացիա» է հրամցնում. Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին։ Իբր՝ Սերժ Սարգսյանի նամակը հաստատում է Մոսկվայի մեղքը, որովհետև Սերժ Սարգսյանն ասում է, որ 2016-ին Սերգեյ Լավրովի ներկայացրած առաջարկը ձեռնտու չէ Երևանին, իսկ սպառազինության բալանսը խաթարված է ոչ հօգուտ Հայաստանի։

Եվ ի՞նչ։ 1994թ.մայիսին հրադադարի հաստատումից ի վեր բանակցային գործընթացը պարբերաբար մտել է փակուղի, քանի որ միջնորդների այս կամ այն առաջարկը մերժել է հակամարտության կողմերից մեկը: Եվ սպառազինության առումով էլ Ադրբեջանը միշտ գերազանցել է Հայաստանին, սկսած հակամարտության առաջին օրերից։

Սակայն բանակցային ամեն հերթական փակուղուց հետո, շարունակելով աշխատանքը կողմերի հետ, միջնորդները առաջարկությունների նոր փաթեթ էին մշակում։ Եվ Պուտինին Սարգսյանի հղած նամակն այն մասին է, որ հենց Լավրովի ներկայացրած առաջարկներն է հայկական կողմը համարում իր համար վտանգավոր, ուստի անընդունելի։ Եվ թե ինչ գաղափարներ է առաջարկում Երևանը, որպեսզի ներկայացված փաթեթն ավելի հաշվեկշռված դառնա և համաձայնեցված լինելու հեռանկար ունենա։ Այդ գաղափարներից մի քանիսն էլ՝ միջազգային երաշխիքների մասով, արտացոլված էին 2019-ի հունիսին հակամարտության կողմերին միջնորդների ներկայացրած առաջարկի մեջ։

Իսկ սպառազինությունների բալանսի մասին խոսելը, հասկանալի է, նպատակ ուներ ամրապնդել Հայաստանի և Արցախի պաշտպանունակությունը։

Ավաղ, Հայաստանի համար գլխավոր վտանգը կողմերի սպառազինության բալանսի խաթարումը չէր։ Իրական վտանգն այլ բանում էր թաքնված։ Ինչպես հաճախ է պատահում, անառիկ բերդն ընկավ այն պատճառով, որ դարպասները բացեցին ներսից։

2018-ի մայիսին, շահարկելով նաև Ղարաբաղյան կարգավորման խնդիրը, Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն իր թիմով։ Թիմ, որի համար ամեն ինչից, այդ թվում՝ պետական շահերից վեր է սեփական իշխանության ըմբոշխնումը, բացված հնարավորությունների շնորհիվ իրենց կյանքի տեր զգալը, ոի համար չկան անլուծելի խնդիրներ: Եվ նույնքան ինքնավստահ, որքան իշխանության եկան, այնքան ինքնավստահ էլ կործանեցին հայկական մի պետականությունը՝ լուրջ հարվածի տակ դնելով մյուսին։

Ինչպես ասում էր մի սրամիտ դատախազ, քննչական գործողությունների ժամանակ կարևորը ինքդ քո հետքին չընկնելն է։ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումով Փաշինյանը հենց դա արեց։