Կառավարությունը կրկին սահմանափակում է ցեմենտի ներմուծումը` հիմնավորելով, որ նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ հիմնավորման՝ գործող սահմանափակումները, որոնք ավարտվում են 2025 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է փոխարինել նոր կարգավորմամբ՝ պահպանելու մրցակցային հավասարությունը տեղական արտադրողների և ներմուծողների միջև։ Այսինքն` ավարտվող 6-ամսյա սահմանափակման փոխարեն կառավարությունը նորից սահմանում է ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր 6-ամսյա ժամկետ երրորդ երկրներից ներմուծումների համար։
Յուրաքանչյուր ներմուծվող մինչև մեկ տոննայի համար պետական տուրքը 200-ապատիկից դառնում է 800-ապատիկ բազային տուրք։
Նախագիծը մշակող էկոնոմիկայի նախարարությունը հավելել է, որ նախորդ տարիներին իրականացված սահմանափակումները որոշակի արդյունք տվել են, սակայն ցեմենտի ոլորտում տեղական արտադրության նվազումն ու ներմուծման աճը շարունակվում են։
«2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) 2023-ի նկատմամբ նվազել է 7.3%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 18.1%-ով»։ Ըստ Վիճակագրական կոմիտեի` երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները աճել են ռեկորդային տեմպերով. 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 581 հազ. տոննա ցեմենտ (աճը՝ 47%), իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 319 հազ. տոննա (աճը՝ 24%)»,– ասացված է հիմնավորվման մեջ։
Գործադիրը շեշտել է, որ տեղական արտադրության հզորությունները գերազանցում են պահանջարկը։ Ըստ նրանց` Հայաստանի արտադրական հզորությունները տարեկան հասնում են շուրջ 2.5 մլն տոննայի, ինչը զգալիորեն գերազանցում է ներքին շուկայի պահանջարկը (1.4–1.5 մլն տոննա)։ Սակայն այս առավելությունը չի վերածվում մրցակցային առավելության։
Sputnik Արմենիա
