Логотип

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԵՇ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես ուզում եմ ասուլիսը սկսել մի հայտարարությամբ, որը կարող է ձեզ համար մի քիչ էլ սենսացիոն հնչի։ Բայց ես պետք է հայտարարեմ, որ լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության հետ, որ ինքը երեկ արել է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից հրապարակված Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթերին։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը փաստաղթերի հրապարակումից հետո հայտարարել է, որ նախագահներին չի հրավիրում բանավիճելու, քանի որ բանավիճելու էլ բան չկա։

«Լևոն Տեր-Պետրոսյանը հենց դա էր ասում, հրապարակի փաստաթղթերը, բանավեճի թեման կսպառվի։ Այսինքն, գալիս ենք համազգային կոնսենսունսի, հնարավոր չէ բանավիճել փաստերի, ապացույցների իսկության շուրջ»,-ասաց նա։

Զուրաբյանի խոսքով, Փաշինյանը փաստաթղթերը թերի է հրապարակել, քանի որ իրենք տևական ժամանակ պահանջում էին հրապարակել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարիները, այլև Հայաստանի իշխանությունների պատասխաններն այդ առաջարկներին։

«Դա է կարևոր։ Եթե դու ստանում ես կարգավորման առաջարկ, ապա դու ունես երեք տարբերակ, պատերազմի, խաղաղ լուծման, բանակցությունների գնալու»,-ասաց Զուրաբյանը։

Նա այս առումով ընդգծեց 2019-ին ստացած առաջարկությունների պլանը և Նիկոլ Փաշինյանի պատասխանն այդ պլանին.

«Ես պատասխանատու կերպով պնդում եմ, որ այս հրապարակումներն արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, որը 2019 թ. ապրիլին և հունիսն ստացել է կարգավորման պլան, ի դեպ ապրիլին ստացած պլանը չի հրապարակել, պլան, որը հաստատում է խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով Քելբաջարը և Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանը, և ընդհանրապես բանակցությունները։ Այդ մերժումով մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլև միջազգային հանրությանը, և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին։ Այդ մերժումով, ըստ էության, նա լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսկումը 2020 թվականին»,-ասաց Զուրաբյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը ներքաշել է մեզ մի պատերազմի մեջ, որի արդյունքում ունեցանք Արցախի ոչնչացում, հազարավոր զոհեր, մեր պետությունն այնքան վնասված ու թուլացած է, որ խոսքը վերաբերում է արդեն նրա գոյատևմանը։

«Այս հրապարակումներով, կնիքով, անհերքելի ապացույցներով պարզվեց, որ Հայաստանի աղետալի թուլացումը, Արցախի կորուստը, հինգ հազար զինվորների մահն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է»,-ասաց նա։

Panorama.am