Логотип

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 175 մլն դոլարի նոր վարկը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում հաստատվել է Հայաստանի համար նախատեսված 128,8 մլն SDR (հիմնադրամի հաշվարկային միավորը, որի փոխարժեքը որոշվում է համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղով–խմբ) նոր վարկային համաձայնագիրը: ԱՄՆ դոլարով այդ գումարը կազմում է մոտ 175 մլն դոլար կամ ԱՄՀ–ում Հայաստանի վարկային քվոտայի 100%–ը։

Վարկը տրամադրվելու է 3 տարի ժամկետով՝ ընդհանուր բյուջետային աջակցության տեսքով (առանց նպատակային կոնկրետացման)։ Նախորդ համաձայնագիրը (2022–2025 թվականների համար) նույնպես կնքվել էր 128.8 մլն SDR ծավալով (կնքման պահին այդ գումարը դոլարով կազմում էր 171.1 մլն)։

ԱՄՀ–ից նշում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է այդ միջոցներն օգտագործել տնտեսական բարեփոխումների իրականացման շարունակականությունն ու խոշոր ծախսերն ապահովելու համար (Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովում, համընդհանուր բժշկական ապահովագրություն և այլն. խմբ.): Վարկային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանին հասանելի կլինի 18,4 մլն SDR (25 մլն դոլար) առաջին տրանշը։ Հետագա տրանշները կտրամադրվեն հիմնադրամի առաքելությունների վերլուծությունից հետո։

Հիմնադրամից նաև նշում են, որ Հայաստանի տնտեսական աճը շարունակում է կայուն մնալ՝ չնայած մի շարք արտաքին ցնցումների: 2025 թվականի արդյունքներով` հիմնադրամն ակնկալում է երկրի ՀՆԱ–ի 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականին՝ 5,5 տոկոս: ԱՄՀ–ն գոհունակությամբ է նշում բյուջետային ծախսերի կոնսոլիդացիայի մասին, որը նախատեսված է 2026 թվականին՝ բյուջետային դեֆիցիտը կրճատելու համար: Հետագայում իշխանությունները պատրաստվում են նաև կատարելագործել հարկերի վերաբերյալ օրենսդրությունը, խստացնել դրանց հավաքագրման կարգը, ինչպես նաև նպաստել տնտեսության արդիականացմանը և խթանել աշխատանքի արտադրողականության աճը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմում է 13 մլրդ 661 մլն դոլար։ ՀՆԱ–ի նկատմամբ պարտքը 2024 թվականին կազմել է 48%, իսկ 2025 թվականի արդյունքներով սպասվում է 50,7%։

Sputnik Արմենիա