ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին»,- գրել է Բաբայանը։
Ինչպես հայտնի է, «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։
Արսեն Բաբայանը հավելել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի: Այլ մանրամասներ փաստաբանը չի հայտնել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ ստացել են Մայր աթոռի դիվանապետին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։ Նշել էր՝ այն բաղկացած է ընդամենը 1 էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Բաբայանն ընդգծել էր, որ այդ եզրակացությամբ ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից ԶԼՄ-ներին հայտնած տեղեկությունը, թե հաստատվել է տեսանյութում Արշակ սրբազանի պատկերված լինելու հանգամանքը։
Sputnik Արմենիա
