Логотип

Պաշտպանները Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստի ժամանակ այսօր Բագրատ սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10–12–ը հրավիրված եպիսկոպոսաց ժողովին։

Պաշտպաններն ընդգծեցին՝ ընդունելի է ցանկացած խափանման միջոց, որը հնարավորություն կտա մասնակցել եպիսկոպոսաց ժողովին, ընդհուպ՝ ժողովին մասնակցելուց հետո ՔԿՀ վերադառնալը, գրավ՝ մինչև 3 մլն 800 հազար դրամի չափով, վարչական հսկողություն և այլն։

Նրանք շեշտեցին՝ սա կարևոր է նաև հանրային շահի տեսանկյունից, քանի որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, իսկ եպիսկոպոսաց ժողովները հրավիրվում են եկեղեցուն վերաբերող կարևորագույն խնդիրների քննարկման համար։

Պաշտպանների միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կքննարկի դեկտեմբերի 9–ին, ժամը 15:30–ին:

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ Բագրատ սրբազանն իր աջակցությունը հայտնեց Արշակ սրբազանին, որին քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ–ն ձերբակալել է։

Բագրատ սրբազանն այլ բան չասաց։ Նշեց միայն, որ կխոսի դեկտեմբերի 9–ի նիստի ժամանակ, թեև այդ նիստից որևէ ակնկալիք չունի։

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11–ին, ժամը 14:00–ին։

Sputnik Արմենիա