Логотип

Տեր Գառնիկ․ Եթե ես պատարագը մատուցեի, կհիշատակեի և՛ Վեհափառի, և Միքայել Սրբազանի անունները

«Եթե ինձ մնար, ես «Յոթ վերքում» պատարագ կմատուցեի և կհիշատակեի Վեհափառի անունը, սակայն թեմական առաջնորդից կարգադրություն ունեմ պատարագ մատուցելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց տեր Գառնիկ քահանա Ավոյանը։

«Ես ամեն ինչ անում եմ միայն եկեղեցու կանոնների շրջանակում։ Պատարագի ժամանակ, ըստ եկեղեցու կանոնների, պետք է տալ և՛ Վեհափառի անունը, և՛ թեմի առաջնորդի անունը։ Նրանց անունները զեղչելը հակականոնական է»,–նշեց Գառնիկ քահանա Ավոյանը։

Հարցին՝ տեղյա՞կ է, թե ով է կիրակի օրը Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում պատարագ մատուցելու, տեր Գառնիկը պատասխանեց.

«Անկեղծ ասած, տեղյակ չեմ։ Բայց գիտեմ, որ մեր թեմի քահանաներից, սարկավագներից և դպիրներից ոչ մեկը չի մասնակցելու այդ պատարագին»։

«Յոթ վերք» եկեղեցու քահանա Տեր Հուսիկն էլ NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Մենք արդեն հայտարարությամբ հանդես ենք եկել։ Շիրակի թեմի որևէ քահանա միտք չունի զեղչելու ո՛չ Վեհափառի անունը, ո՛չ էլ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունը»։

Թե ով է այն քահանան, որը կիրակի օրը պատարագ կմատուցի և Փաշինյանի պահանջով կզեղչի կաթողիկոսի անունը, դեռևս հայտնի չէ։