ՀՀ արդարադատության նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորների գաղտնալսման հարցը։
Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Միքայել և Բագրատ սրբազաններին հատուկ են նստեցրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի նույն խցում, որպեսզի գաղտնալսեն, բայց դա արդյունք չի տվել, և իրավապահները չեն կարողացել ստանալ անհրաժեշտ տվյալները։ ,Ավելի ուշ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գաղտնալսումը խցում ապացուցում է, որ նրանք որևէ առնչություն չեն ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ:
Sputnik Արմենիան արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էր, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի է որպես «ԱԱԾ–ի պադվալ») քանի բանտախուց է գաղտնալսվում և որ դեպքերում։
Նախարարությունից պատասխանել են, որ հարցումը վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին կամ գաղտնի քննչական գործողություններին, ինչը գաղտնի տեղեկատվություն է և հրապարակման ենթակա չէ
«Այդ գործողությունների հիմքերը, այդ թվում՝ նման լիազորություններ ունեցող անձանց շրջանակը սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով»,– ասված է գերատեսչության պատասխանում:
