Логотип

Քաղաքագետ․ Վրաստանը կմիանա «3+3»-ին, եթե ԵՄ-ն շարունակի ճնշում գործադրել իշխանության վրա

Վրաստանը վաղ թե ուշ կմիանա «3+3» տարածաշրջանային ձևաչափին, եթե իշխող «Վրացական երազանքի» վրա ԵՄ քաղաքական ճնշումը շարունակվի։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է վրացի քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն։

Նրա խոսքով՝ վրացական վերնախավը 25 տարի շարունակ փորձել է ընտրողին ներշնչել, որ եվրոպական վեկտորն այլընտրանք չունի։

«Վերնախավն ընտրողին ասում էր, որ կա միայն մեկ ճշմարտություն՝ արևմտյանը, և կա միայն մեկ քաղաքակրթություն՝ նույնպես արևմտյանը։ Մնացած ամեն ինչը քաղաքակիրթ չէ։ Վրացական վերնախավի համար «3+2»–ում գտնվող բոլոր երկրները քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներ չեն։ Ուստի հիմա նրանք չեն կարող դուրս գալ ու ասել՝ տեսեք, մենք գնում ենք մի ձևաչափ, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ազդեցություն ունեն։ Սակայն եթե Բրյուսելը շարունակի ճնշում գործադրել «Վրացական երազանքի» վրա, ապա երկրի իշխանություններն ավելի ակտիվ կներգրավվեն տարածաշրջանային ձևաչափերում»,- կարծում է Սիխարուլիձեն։

Վրացական իշխանությունների վարքագծում շատ բան, փորձագետի կարծիքով, կախված է նաև ԱՄՆ նախագահի քաղաքականությունից։ Եթե Դոնալդ Թրամփը հարաբերություններ հաստատի «Վրացական երազանքի» հետ և Մոսկվայի հետ երկխոսության «թույլտվություն» տա, ապա Թբիլիսին շատ շուտով, առնվազն դիտորդի կարգավիճակով, կմիանա «3+3»-ին։

Թբիլիսիի վարքագծի մոտավոր բանաձևը Սիխարուլիձեն բնութագրում է այսպես. եթե Եվրամիությունը ճնշի, ապա Վրաստանն ավելի ու ավելի է ինտեգրվելու տարածաշրջանային կառույցներին, իսկ եթե Բրյուսելը լիցքաթափում առաջարկի, ապա «Վրացական երազանքը» կարող է վերադառնալ հին ձևաչափին։

Իսկ հիմա իրավիճակն այնպիսին է, որ ԵՄ-ում սպասում են Թբիլիսիում իշխանափոխության և հույս ունեն, որ դրանից հետո Վրաստանը կսկսի վառ արտահայտված հակառուսական քաղաքականություն վարել։

Քաղաքագետի խոսքով՝ ներկայիս իշխանությունն իրականում որդեգրել է հավասարակշռության քաղաքականություն, ինչը, ի դեպ, ժամանակին պնդում էին նույն Բրյուսելն ու Վաշինգտոնը: 2022 թվականին այդ քաղաքականությունն արևմտյան գործընկերների աչքում ոչ պահանջված դարձավ, Եվրոպան սկսեց Վրաստանին կոչ անել ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել ՌԴ-ի նկատմամբ՝ վերջնագիր ներկայացնելով նրան․ կամ Արևմուտքի հետ ես, կամ նրա դեմ։

Իսկ երբ «Վրացական երազանքը» հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ չի գնա, արևմտյան գործընկերները Թբիլիսիին սառը պատերազմ հայտարարեցին: Այս սառը պատերազմի գագաթնակետը, Սիխարուլիձեի խոսքով, 2024-2025 թվականներին Վրաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերն էին:

Այս պայմաններում Վրաստանին այլ բան չի մնում, քան երկխոսության մեջ ներգրավվել Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում։ Երկրի իշխանությունները հասկացրել են, որ հարկ եղած դեպքում կարող են համագործակցության այլ հարթակներ և գործընկերներ գտնել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռևս չի մասնակցում դրա աշխատանքին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։ Հաջորդ հանդիպումը նախատեսված էր տարեվերջին՝ Երևանում կամ Բաքվում, սակայն կողմերը մինչ օրս չեն կարողացել համաձայնության գալ բանակցությունների ամսաթվի և վայրի շուրջ։