Логотип

Կողմնակալ է․ պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին

Պաշտպանական կողմն այսօր բացարկ է հայտնել անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի գործով դատախազ Վազգեն Ռուստամյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ բացարկի համար մի քանի հիմք է ներկայացվել․ առաջինն այն է, որ գործն ամբողջությամբ քննված չի եղել։ Նախևառաջ, երբ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, դատախազը մերժել է վարույթ նախաձեռնել, որից հետո պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ անհետ կորած զինծառայողների հարազատների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։

«Բողոքարկման արդյունքում մենք հիմա ունենք նոր քրեական գործ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար իրենց դիրքը չարաշահելու հետ կապված։ Այսինքն՝ սա այն է, ինչ մենք ասում էինք՝ իրականում պրովոկացիան եղել է ռազմական ոստիկանների կողմից, իսկ դատախազը չէր ցանկացել նախաձեռնել վարույթը»,- բացատրեց Սողոյանը՝ շեշտելով, որ դատախազը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել։

Բացարկի ներկայացման երկրորդ հիմնավորումն այն է, որ Ռուստամյանը չի սպասել գործով նշանակված բոլոր փորձաքննությունների, մասնավորապես՝ դատաբժշկական փորձաքննության ավարտին, և շտապել են հայտարարել նախաքննության ավարտ։

«Այսինքն՝ որոշեցին, որ արդեն բավարար են ապացույցները, գործի քննությունը շարունակելու կարիք չկա, մինչդեռ օրենքը պահանջում է, որ իրենք ոչ միայն պարզեն անձի մեղավորությունը հավաստող, այսինքն՝ նրան դեմ տվյալներ, այլև կողմ, իսկ այս պարագայում անձի առողջական վիճակի մասին արձանագրությունները նրա համար կարող էին շատ դրական ազդեցություն ունենալ, չեն թողել, որ փորձաքննությունն ավարտին հասցվի, և կիսատ վիճակում գործը դատարան են ուղարկել»,- նշեց փաստաբանը։

Այսպիսով՝ պաշտպանական կողմը ներկայացրել է, որ դատախազը կողմնակալ էր և բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն չի իրականացրել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Հարություն Մանուկյանի նախագահությամբ, որոշել է առանձին ակտի ձևով հրապարակել որոշումը հունվարի 23-ին՝ առավոտյան 10։30-ին։

Սողոյանը նշեց՝ այս դատական նիստի ընթացքում նախատեսում էին նաև ներկայացնել Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, սակայն բացարկի ներկայացումն այնքան ծավալուն էր, որ դա ևս մնաց հաջորդ դատական նիստին։