Логотип

Արդեն 2 ամիս է՝ Միքայել սրբազանի վիրահատության հարցը չի լուծվում. մանրամասներ

Արդեն 2 ամիս է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պլանային վիրահատության հարցը չի կարգավորվում։ Այս մասին բարձրաձայնում է Աջապահյանի պաշտպանական թիմը։ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 10-ին նրա պաշտպան Արա Զոհրաբյանը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։

Այնուհետև Միքայել սրբազանի պաշտպանի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են 3 դիմումներ՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 11-ին։

«Ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել սրբազանի գրավոր համաձայնությունը, և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ»,- հայտնում են պաշտպանական թիմից։

Պաշտպանների տեղեկություններով՝ Միքայել սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է այդ բժշկական կենտրոնում, ունի բժիշկ, վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի կողմից պատասխան գրությունն ուղարկվել է նոյեմբերի 28-ին։

Դրանում նշվում է, որ Միքայել սրբազանին խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել է վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սակայն Միքայել սրբազանը հրաժարվել է:

«Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ»,- նշում են պաշտպանները։

Նրանք մտահոգություն են հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դրսևորվող դանդաղկոտություն վերաբերյալ։ Պաշտպանական թիմը շեշտում է, որ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար:

Sputnik Արմենիա