Логотип

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ՆԻԿՈՆ, ՕՐԵՆՔԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՉԷ ԳՐՎԱԾ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցական բարեփոխում է նախաձեռնել։ Նա սոցիալական ցանցում հրապարակել է «ճանապարհային քարտեզ»՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումից հետո Հայ Առաքելական եկեղեցին «վերականգնելու» վերաբերյալ։ Նրա կարծիքով, դրանից հետո կառավարության վերահսկողության ներքո պետք է ընդունվի ՀԱԵ-ի նոր Կանոնը։ Վարչապետը գործը տանում է դեպի եկեղեցական պառակտում. այցելում է «այլընտրանքային» պատարագների, արգելում է ժամերգությունների ժամանակ արտասանել Կաթողիկոսի անունը, իսկ դրանից դժգոհ ծխականներին հեռացնում են տաճարներից, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլյեցը»։

Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, եկեղեցին անջատված է պետությունից։ Հետևաբար, կառավարությունն իրավունք չունի միջամտելու նրա գործերին։ Սակայն օրենքը Փաշինյանի համար չէ գրված։ Ավելի ճիշտ, նա անձամբ կարող է ցանկացած օրենք գրել՝ ըստ իր քմահաճույքի։ Այժմ նա որոշել է փոփոխություններ մտցնել եկեղեցական ժամերգությունների անցկացման կարգում։ Դրանք, այսպես ասած, հայրենասիրական բովանդակությամբ լցնել։ Վարչապետն առաջարկել է եկեղեցիներում տեղադրել Հայաստանի դրոշները և կիրակնօրյա պատարագից առաջ կատարել երկրի պետական օրհներգը։ Դեկտեմբերի 7-ին Փաշինյանը սոցիալական ցանցում գրել է. «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։ Այսինքն՝ Հայաստանի վարչապետը կարծում է, որ եկեղեցին հիմնադրել է պետությունը, ինչպես որևէ նախարարություն կամ գերատեսչություն։ Դրանով նա ևս մեկ անգամ ցուցադրել է, որ ոչ մի կապ չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ հավատի, ո՛չ քրիստոնեության հետ։ Չէ՞ որ եթե պատարագից առաջ օրհներգ է կատարվում, դա նշանակում է, որ պետությունը գերազանցում է Աստծուն։

Այս կապակցությամբ, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի համախոհ Լևոն Զուրաբյանը իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ «այս գերագույն տգետը»՝ Փաշինյանը, «չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին»։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Փաշինյանի իշխանությունը «աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք»։ «Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա- և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով:»,- պնդում է Զուրաբյանը։ Եվ եզրակացնում է. «Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»։

Նախօրեին, կիրակի օրը, Գյումրիում դրամատիկ իրադարձություններ էին զարգանում։ Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Փաշինյանը ցանկացել էր մասնակցել պատարագին հենց այդ քաղաքում, որը մեծապես տուժել էր 1988 թվականի ողբերգության ժամանակ։ Գյումրին վարչապետի համար խորհրդանշական նշանակություն ունի նաև այն պատճառով, որ վերջերս իշխանությունները ձերբակալել էին քաղաքի ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդի Սպարտակին։ Սակայն պարզվել է, որ ՀԱԵ Շիրակի թեմի բոլոր քահանաները, որը գլխավորում է նույնպես ՔԿՀ-ում գտնվող արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, հրաժարվել են շրջանցել սահմանված կարգը և Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ չհիշատակել Գարեգին Բ-ին։ Մինչդեռ վարչապետը չի ցանկանում ներկա գտնվել այն պատարագներին, որտեղ հնչում է Կաթողիկոսի անունը։ Ի վերջո, ըստ «Ժողովուրդ» թերթի տվյալների՝ Շիրակի թեմի բոլոր 24 հոգևորականները հրաժարվել են կիրակի օրը ծառայություն մատուցել՝ Փաշինյանի պահանջով։

Սակայն իշխանությունները չեն նահանջել։ Գյումրիի Սուրբ Աստվածածին («Յոթ Վերք») եկեղեցին շաբաթ երեկոյան շրջապատվել էր ոստիկանների և Երևանից ժամանած ԱԱԾ աշխատակիցների կողմից, դռները կնքվել էին, իսկ կիրակի օրը՝ 200 տարվա մեջ առաջին անգամ, տաճարում չեն հնչել զանգերը, որոնք հիմնականում ղողանջում են առավոտյան պատարագի ժամանակ։ Ուժայինները թույլ չեն տալիս հավատացյալներին մտնել եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցի է ժամանել «իր» հոգևորականների ուղեկցությամբ. Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, Բալթյան թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Եպիսկոպոս Գևորգ Սարոյանը։ Մատուցվել է պատարագ, որը գլխավորել է ՀԱԵ Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը։ Ինչպես պնդում են հայկական աղբյուրները, այս արարողությունը բոյկոտել են նույնիսկ մոմավաճառները։ Ըստ էության, տեղի է ունեցել տաճարի ուժային զավթում՝ Փաշինյանի պառակտողների կողմից։ «Յոթ Վերք» եկեղեցու հոգևորականները ստիպված են եղել մասնակցել պատարագին մեկ այլ տաճարում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Միևնույն ժամանակ, Սուրբ Աստվածածին («Յոթ Վերք») եկեղեցում պառակտողական պատարագի ընթացքում որոշ ծխականներ բղավել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Ինչպես հաղորդում են հայ բլոգերները, մի քանի հավատացյալի դրա համար դուրս են հանել տաճարից։

Այժմ, նման «հաջողությամբ» ոգևորված, Փաշինյանն առաջարկում է եկեղեցուն՝ կառավարության օգնությամբ մշակել նոր «Կանոնի» նախագիծ, որը ՀԱԵ-ն կդնի պետության ամբողջական վերահսկողության ներքո։ Դրանից հետո, ըստ վարչապետի, այդ նոր Կանոնին համապատասխան պետք է անցկացվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, հայտարարել է Էջմիածնի Մայր Աթոռի գրավման գործողության մասին՝ հայտարարելով, որ եկել է այնտեղ պատարագ մատուցելու ժամանակը։

News.am