Логотип

Պայքարի նոր էջ ենք բացում. լսումներ Արցախի ներկայացուցչությունում

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է առանց Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության։ Արցախի ներկայացուցչությունում կազմակերպված «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Մինսկի խմբի լուծարումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համատեղ դիմումի համաձայն, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։ Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների` երկար տարիների ձգտումներին, որոնց պարզապես կանաչ լույս վառեցին ՀՀ իշխանությունները` զրկելով հայկական կողմից հակամարտության կարգավորման միջազգայնորեն մանդատավորված միակ կառույցից»,– ասաց նա։

Դանիելյանն ընդգծեց` հակամարտությունը կարգավորված չէ. ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետևանքով` խախտելով ՄԱԿ–ի կանոնադրությունն ու միջազգային նորմերը։

Նա հայտարարեց, որ Արցախի ԱԺ–ն անհրաժեշտ է համարում համապետական ընտրությունների կազմակերպումը, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը։

«Ելնելով ներկայիս իրավիճակից` այն կազմակերպել հնարավոր չէ. ընտրությունները պետք է կազմակերպել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն, սակայն միշտ ենթարկվել ենք ագրեսիայի, այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել խնդիրները»,– նշեց Արցախի ԱԺ նախագահը։

Նրա խոսքով` այս լսումներով իրենք բացում են պայքարի նոր էջ, և ինչպես 1988 թվականին, այնպես էլ հիմա միասնական պայքարի շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։

Դանիելյանը հավելեց` Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը բոլորովին էլ չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։

«Մեր պետականությունը, մեր իրավունքների համար պայքարն ու հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի այլ ելք չի կարող լինել։ Անկախ պետականություն ունեցող Արցախն այսօր էլ շարունակում է իր գոյությունը, և մեր երկիրը ժամանակավորապես օկուպացված է, նախկին ղեկավարությունը` գերեվարված։ ՀՀ իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը, սակայն մենք չենք մոռանալու»,– շեշտեց Արցախի ԱԺ նախագահը։

Նշենք, որ լսումները սկսվեցին ՀՀ և Արցախի օրհներգներով, որից հետո տերունական աղոթք հնչեցրեց Դադիվանքի նախկին վանահայր, այժմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ներկա չէր լսումներին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման, ինչպես նաև անկախության հանրաքվեի անցկացման օրն է։ Առավոտյան Արցախի քաղաքական գործիչները նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում։

Sputnik Արմենիա