Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
«Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց փողոցի նորակառույցներից մեկում, նաև 17 մլն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք ու տեխնիկա է ձեռք բերել»,– գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցի` գործի դրվագներից մեկով անցնում են նաև մարդիկ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, կատարվել են նշանակումներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել։
Կայքի տեղեկություններով` Մարիաննա Հարությունյանը պրոռեկտոր է նշանակվել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։
Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք և 20 մլն դրամ գրավ: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։
Sputnik Արմենիա
