Логотип

Թաթոյան․ Ադրբեջանը միջազգային հանրության աչքից մեկուսացնում է անհետ կորածների հարցերը

Ադրբեջանն իր վերահսկողության գտնվող Արցախի տարածքներում ճանապարհներ է կառուցում, զանգվածային արտաշիրիմում է հայտարարել, սակայն անհայտ է` ում է արտաշիրիմում` հայե՞ր են, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով է դա անում ու առաջիկայում ի՞նչ պահանջներ է առաջադրելու։ «Անհետ կորածների հարցը` որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Այսօր չունենք Ադրբեջանի նկատմամբ միջազգային վերահսկողության մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ նրա նկատմամբ պահանջներ ներկայացնել։ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որ միջազգային հանրության աչքից մեկուսացնի այս բոլոր հարցերը»,– նշեց Թաթոյանը։

Ըստ նրա` դրան էր նաև միտված Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և ՄԱԿ–ի տարբեր կառույցների փակումը։ Թաթոյանը համոզված է, որ այս քայլերը պատահական չեն, նպատակն այն է, որ հետո կարողանա մանիպուլյացիաներ անել։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի վավերացրել ՄԱԿ–ի «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» կոնվենցիան, պարտավորությունների տակ չի մտել, որ հետո առանձին Հայաստանին ներկայացնի։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ անհետ կորածների հարցը քաղաքականացվի, մտնի դիվանագիտության բնագավառ, որ մարդու իրավունքների հարց այդ տեսանկյունից առաջ չքաշվի, որ հետո կարողանա չարաշահումներ անել»,– ընդգծեց Թաթոյանը։

Այդ իմաստով, ըստ նրա, բավականին թույլ ձևակերպումներ է պարունակում օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը։

«Այդտեղ ամրագրված է, որ կողմերը հասցեագրում են անհետ կորածների մասին դեպքերը, այդ թվում` ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով։ Այս հարցը ոչ միայն շատ թույլ ձևակերպում է, դեռ մի հատ էլ նշվում է, որ մանրամասները կբանակցվեն առանձին համաձայնագրով։ Այսինքն` անորոշ դրույթով հարցը թողնվում է ապագային»,– ընդգծեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։

Sputnik Արմենիա