Логотип

ԱԳՆ խոսնակը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը արձագանքի մասին

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին»։

ԱԳՆ խոսնակը նաև նշեց. «Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:

Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։

ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»։