Որքան ավելի են հեռանում մեզանից 2020-ի նոյեմբերն ու 2023-ի սեպտեմբերը, այնքան ավելի սուր է զգացվում Արցախի բացառիկ կարևորությունն ու նշանակությունը Հայաստանի համար: Հայոց պատմության, մշակույթի, հոգեկերտվածքի, ինչպես նաև մերօրյա Հանրապետության անվտանգության համար հողի այն փոքրիկ պատառիկի վիթխարի արժեքի ըմբռնումը, որը մեզ համար անչափ ավելին էր, քան պարզապես տարածք. նա մեր Հայրենիքն է: Արցախը մեր հուսալի «անվտանգության գոտին» էր, մեր անձնվեր Պաշտպանության բանակը, մեր հպարտությունը, արժանապատվությունն ու աշխարհի ցանկացած անկյունում գլուխը բարձր պահելու իրավունքը:
ԵՎ ՈՐՔԱՆ ԱՎԵԼԻ ԵՆՔ ՀԵՌԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ, այնքան ավելի խորն ու բացահայտ է ընկալվում լեգենդար Մոնթեի մարգարեությունը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Մի՞թե այսօր մենք մոտ չենք դրան՝ Արցախի լիակատար կորստից ընդամենը 2 տարի անց, երբ Հայաստանը կանգնած է «լինել, թե չլինելու» շեմին՝ բառացիորեն։
…1991թվականի դեկտեմբերի 10։ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով և տարածքի զգալի մասում ծավալվում են ամենաիսկական ռազմական գործողություններ, Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը հրթիռային և հրետանային գնդակոծության են ենթարկվում գործնականում ամեն օր: Շրջափակման օղակը գնալով ավելի է սեղմվում մայրաքաղաքի շուրջ, արդեն զգացնել են տալիս արտաքին աշխարհի հետ որևէ կապի բացակայության առաջին նշանները. սննդի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի պակասը։ Հաշված շաբաթներ են մնում լիակատար պաշարմանը, երբ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը կհայտնվի իրական վտանգի տակ…
Այդ բարդագույն պայմաններում Լեռնային Ղարաբաղում անցկացվեց պետական անկախության հանրաքվե, որն ընդմիշտ մտավ Հայաստանի պատմության մեջ՝ որպես արիության, տոկունության, ազատության և անկախության ձգտման խորհրդանիշ: Եթե աշխարհը մի փոքր ավելի արդար լիներ, ապա նրա քաղաքակիրթ հատվածի համար էլ այդ հանրաքվեն կդառնար մարդու իրավունքների համամարդկային սկզբունքներին ու նորմերին հավատարմության օրինակ։
Եվ առանձնակի խոր իմաստ կա նրանում, որ դրա անցկացումը համընկավ Մարդու իրավունքների միջազգային օրվա հետ. դեկտեմբերի 10-ին, քանզի դժվար է պատկերացնել ավելի գիտակցված, ավելի արդար և պատմականորեն ավելի օրինաչափ ընտրություն, քան այն, ինչ արեցին 108 736 մարդիկ, որոնց 99,98% -ը «այո» ասաց անկախությանը։
Այդ օրը կրակոցներից և պայթյուններից զոհվեց 10 հոգի։ Մարդիկ ընտրատեղամասեր էին գնում բառի բուն իմաստով վտանգելով սեփական կյանքը։ Գնում էին՝ լիովին հասկանալով օրվա և սեփական ձայնի նշանակությունը Արցախի և Հայաստանի ապագայի համար։ Վերջին հանգամանքը, հնարավոր է, այդ օրը դեռ լիակատար չափով չէր ընկալվում քվեարկողների մեծամասնության կողմից, բայց բնազդային մակարդակով ըմբռնումը հաստատ կար՝ Հայրենիքի կորսված հատվածի մասին պատմական հիշողության, ներքին դիմադրության և այդ կորուստներին նաև Արցախը ավելացնելու անհնարինության գիտակցման շնորհիվ:
Այդ հիշարժան օրը հայկական Արցախի և ողջ Հայաստանի պատմության մեջ ամենակարևոր փուլանիշներից մեկն է: Աշխարհը չցանկացավ ընդունել հանրաքվեի արդյունքները, որն անցկացվեց ոչ միայն ագրեսորի պարտադրած պատերազմի և մահացու վտանգի պայմաններում, այլև միջազգային բոլոր նորմերի և դեռևս գոյություն ունեցող Միության բոլոր օրենքների պահպանումով. դա արձանագրեցին տարբեր երկրներ, կազմակերպություններ և լրատվամիջոցներ ներկայացնող դիտորդները:
ՓՈԽԱՐԵՆԸ 32 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՇԽԱՐՀԸ ՀՐՃՎԱՆՔՈՎ, «ՈՒՌԱ» ԳՈՉԵԼՈՎ ԸՆԴՈՒՆԵՑ միջազգային վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ թուրքական երկու պետությունների հանցավոր ռազմական ագրեսիայի արդյունքները, աչք փակելով ազատ ժողովրդավարական Արցախի դեմ անողոք հաշվեհարդարի վրա՝ ի նպաստ տոտալիտարիզմի և կոռուպցիայի մեջ թաղված նավթային բռնապետության շահերի։ Դրանով իսկ հաստատելով անվիճելի փաստը. ուժի համաշխարհային կենտրոնները խաղացել և խաղում են վայրի Արևմուտքի, այլ բնավ ոչ քաղաքակիրթ հանրության կանոններով:
Թե ինչպիսի «Պանդորայի արկղ» բացեց Արցախի Հանրապետության նկատմամբ հաշվեհարդարն ու նրա բռնազավթումը ռազմատենչ ու ագրեսիվ «աշխարհաքաղաքականության» համար՝ այդ մասին արդեն շատ է գրվել, և կրկնելն անիմաստ է։ Մանավանդ որ այդ գործընթացն ամենևին էլ ավարտված չէ։
Բայց հայ ժողովրդի մտածող հատվածի համար ի սկզբանե պարզ էր, որ Արցախի կորուստը գոյաբանական խնդիրների է վերածվելու Հայաստանի Հանրապետության համար։ Որ առանց Արցախի Հայաստանն ի վիճակի չէ ապահովել սեփական լիարժեք անվտանգությունը. ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգևոր-բարոյական, ո՛չ մշակութաբանական, ո՛չ էլ որևէ այլ իմաստով։ Ինքնապահպանման բնազդը գնալով ավելի համառորեն է թելադրում Արցախից հրաժարման անհնարինություն, և միանգամայն օրինաչափ է, որ Արցախն ինքն էլ բաց չի թողնում մեզ՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամիների ցանկությունների և հուսահատ փորձերի:
Արցախի, արցախցիների, հայկական հողի անգին պատառիկի պատմության ու մշակույթի հետ կապված հարցերն արծարծվում են անդադար. օր անգամ չի անցնում առանց հայկական երկրորդ հանրապետության հիշատակման: Եվ բանը նույնիսկ այն չէ, որ անցել է ընդամենը 2 տարի, և մենք բոլորս, ոչ միայն բուն արցախցիները, վերջին երեք տասնամյակների պատմության կենդանի վկաներն ու մասնակիցներն ենք։ Ամեն ինչ պարզ է բյուրեղի պես. Արցախը հայկական միս ու արյունն է, որը Հայաստանից պոկել, ժողովրդի սրտից պոկել և մեր հիշողությունից ջնջել չեն կարող ո՛չ ժամանակը, ո՛չ էլ մանկուրտների և նրանց օտարերկրյա տերերի ու պատվիրատուների ջանքերը։
Այդ օրը՝ դեկտեմբերի 10-ին, փամփուշտների ու արկերի տակ ծնվում ու ամրապնդվում էին հայի կամքն ու ուժը, երկուսուկես տարի անց բերելով նրան Հաղթանակի: Այսօր՝ 34 տարի անց, Այդ կամքն ու ուժը, թվում է, թուլացել են ծայրահեղության, դիմադրելու անկարողության աստիճան, չնայած 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցածի և հիմա կատարվող ամենի աղետալի հետևանքների գիտակցմանը ժողովրդի գերակշիռ մասի կողմից։ Թվում է, թե՞ իրականում հենց այդպես է, որ կա:
«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Մոնթե Մելքոնյանի մարգարեական խոսքերն ապշեցնում են իրենց արդիականությամբ և Հայաստանի համար Արցախի դերի բնորոշման բացարձակ ճշգրտությամբ: Եվ մի՞թե դրա ապացույցը չէ այսօրվա պայքարը Հայաստանի պահպանման, ուրեմն նաև Արցախի վերադարձի համար։
