Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է Ազգային անվտանգության ծառայության վայրագ ճնշումների արդյունքում։ Գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը ծրագրված էր անցկացնել դեկտեմբերի 10-12-ը, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով։
«Հետաձգման արդյունքում իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։ Իրականում, ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսի վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուններ են նշել, որոնց կձերբակալեն»,- գրում է թերթը։
Հայտնում են` ԱԱԾ-ն հասկացրել է՝ այնպես կանեն, որպեսզի ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը, իսկ վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։
Պարբերականի տեղեկություններով` այս մասին տեղյակ են նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք նույնիսկ կեղծ հայտարարություն էին տարածել, թե իբր ափսոսում են ժողովի հետաձգման համար, քանի որ ասելիք ունեին։
Sputnik Արմենիա
