Логотип

Արցախի ներկայացուցչության շենքը խուզարկությունից հետո հնարավոր է մինչև տարեվերջ փակեն

Արցախի ներկայացուցչության շենքում դեկտեմբերի 11-ին իրականացված խուզարկությունից հետո հնարավոր է մինչև տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթին Արցախի պաշտոնյաները չեն բացառել, որ շենքը կարող է փակվել, հնարավոր են ձերբակալություններ։ Նրանք գիտակցում են, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է, նշել է լրատվականը։

Armenia Today-ը փորձեց ճշտել Արցախի ներկայացուցչության շենքը փակելու մասին տեղեկությունը և հնարավոր ժամկետները, սակայն Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ հրապարակված լուրից բացի, այլ մանրամասն չեն կարող հայտնել։

Դեկտեմբերի 11-ին ՔԿ-ն խուզարկություն էր իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին և ավարտվել 16:30-ի սահմաններում։ ՔԿ-ն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ և մի քանի այլ իրեր։