Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը զիջում է միայն զինված ուժերին։ «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 63.3%-ը հավանություն է տվել Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։
«14.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս եկեղեցուն։ Գեղեցիկ համադրություն է ստացվում՝ 77.7%։ «Որքանո՞վ եք հավանություն տալիս տվյալ ինստիտուտի գործունեությանը» հարցին ի պատասխան՝ դրական է գնահատել Առաքելական եկեղեցու գործունեությունը»,– ասաց Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ բանակին, ապա հարցվածների 63.4%-ը լիովին հավանություն է տալիս զինված ուժերի գործունեությանը, իսկ 18.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս (ընդհանուր` 81.8%)։ Նավասարդյանը ներկայացրեց նաև, թե հարցվածները որ քաղաքական գործչի գործունեությանն են հավանություն տալիս։
«Գագիկ Ծառուկյանի գործունեությանը հավանություն է տալիս 38.9%-ը , 29.1%-ը ավելի շուտ է հավանություն տալիս։ Գործարար Սամվել Կարապետյանը բարձր ցուցանիշ ունի՝ 54%-ը ամբողջությամբ դրական է գնահատել, 31.6%-ը ամբողջությամբ է հավանություն տվել, 22.3%-ը ավելի շուտ հավանություն է տվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է 50%-ից բարձր տիրույթում՝ 27.2%-ը ամբողջությամբ հավանություն է տալիս, 23.3%-ն ավելի շուտ հավանություն է տալիս, ընդհանուր՝ 50.5%»,– տեղեկացրեց նա։
Ըստ Նավասարդյանի՝ մյուս գործիչները 50%-ից բարձր շեմը չեն հաղթահարել։ Նա նաև ուշադրություն հրավիրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցուցանիշների վրա` 27.1%-ը ընդհանրապես չի իմացել, թե ով է Վահագն Խաչատուրյանը։
Sputnik Արմենիա
