Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) նիստում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խոստովանել է, որ իր նախորդի՝ Ֆեդերիկա Մոգերինիի հետ կապված կոռուպցիոն սկանդալը ցնցել է եվրոպացի դիվանագետներին: Այս մասին տեղեկացրել է Euractiv-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Եվրոպական դատական մարմինները նախկինում հետաքննություն էին սկսել ԵՄ դիվանագիտական ծառայության նախկին ղեկավար և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Մոգերինիի դեմ՝ խարդախության և կոռուպցիայի մեղադրանքով:
«Սկանդալները ակնհայտորեն ցնցել են մեր ծառայությունը»,- կայքը մեջբերել է Կալասի խոսքերը:
Ըստ կայքի՝ Կալասի ելույթը տևել է ընդամենը 30 րոպե և քիչ մանրամասներ է պարունակել: ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը պատասխանել է ընդամենը երեք հարցի՝ «կամավորների կոալիցիայի» նիստից առաջ:
Դեկտեմբերի 2-ին Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական դատախազությունը հաստատել են խուզարկությունները Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր գրասենյակում, Բրյուգեի Եվրոպայի քոլեջում և մի քանի մասնավոր տներում, որոնց ընթացքում «ձերբակալվել են երեք անձինք»: Նրանք մեղադրվում են մրցութային խարդախության մեջ, այդ թվում՝ Եվրոպական արտաքին ծառայության կողմից Եվրոպայի քոլեջում երիտասարդ եվրոպացի դիվանագետների վերապատրաստման ծրագրի հայտի հետ կապված: Ձերբակալվածների թվում են Մոգերինին և ԵՄ արտաքին գործերի նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։
Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածները ազատ են արձակվել, քանի որ «փախչելու վտանգ չկա»։ Սակայն, ինչպես տեղեկացրել է La Repubblica-ն, Բելգիայի քրեական ոստիկանության հարցաքննությունից հետո երեքին էլ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքները վերաբերում են գնումների ոլորտում խարդախությանը և կոռուպցիային, շահերի բախմանը և մասնագիտական գաղտնիքի հրապարակմանը։
News.am
