Իշխանության կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավը բերեց եկեղեցու և կաթողիկոսի շուրջ աննախադեպ ու պատմական համախմբվածության։ «Ուր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը գործընթացների այս զարգացումը չէր հաշվարկել։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատարագներից առաջ պիտի հնչի Հայաստանի օրհներգը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ դա, մեղմ ասած, գրագետ չէ և ճիշտ չէ, բայց եթե այդ նույն մարդը վեր կենար, ասեր՝ չէ, փոշմանեցի, պատարագներից առաջ պիտի հնչեն Հայաստանի և Ադրբեջանի օրհներգերը՝ ի նշան խաղաղության, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ռեակցիա էր լինելու՝ նույնը, ինչ այսօր կա։ Այդ իր շրջիկ հավատացյալների խումբը ողջունելու է, իր պետական համակարգը լռելու է, ովքեր հասկանում են, որ դա անթույլատրելի է, լռելու են։ Լինելու են Հռոմի պապից ավելի կաթոլիկներ, որոնք ողջունելու են, ծափահարելու են։ Արդյոք սա նշանակում է, որ մեր հասարակության ողնաշարը ջարդված է։ Միանշանակ ո՛չ, և դա երևալու է էլեկտորալ պրոցեսներին զուգահեռ։ Ջարդված և անարժանապատիվ պետության մոդելը, որ իրենք քարոզում են «իրական Հայաստան» անվան տակ, ձևավորում է շատ լուրջ կոնսոլիդացված դաշինք՝ ընդդեմ խեղճության»,– ասաց նա։
Հովհաննիսյանի կարծիքով՝ ապրիլից հունիս ժամանակահատվածում Հայաստանում այլ տրամադրություններ են լինելու։ Ըստ նրա՝ ընտրազանգվածը կակտիվանա, և հանրային առողջացման միտումները պարզ կերևան։ Հովհաննիսյանը կարևորեց «ընդդիմություն» հասկացության վերանայումը։
«Եթե դու մտնում ես պրոցեսի մեջ՝ հետապնդելով մերկանտիլ, էգոիստիկ շահեր, դա շատ վատ բան է, և ինչ-որ տեղ այդ ուժերը կարող են դառնալ հանցակից պատմական տեսանկյունից։ Այստեղ շատ կարևոր է չսևեռվել սեփական վարկանիշի և սեփական հաղթանակի վրա։ Շատ կարևոր է խնդիր դնել պետության հաղթանակը, հասարակության հաղթանակը, ոչ թե կոնկրետ լիդերի կամ կոնկրետ ուժերի։ Սա մանդատի ընտրություն չէ, նոր իշխանության մեջ «փայ» ունենալու մասին ընտրություն չէ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը հորդորեց չնեղացնել ընդդիմության գաղափարը։ «Ընդդիմություն» հասկացությունը, ըստ նրա, պետք է բացել այնքան, որ բոլոր նրանք, ովքեր չեն համակերպվում այս իրականությանը, համարվեն ընդդիմություն։ Հովհաննիսյանի կարծիքով՝ այդ դեպքում խոսքը հասարակության 75%-ի մասին կլինի։
Sputnik Արմենիա
