Կապանում բացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարածքային գրասենյակը, տեղեկացրել են շարժման Facebook-յան էջում։
Շարժման ներկայացուցիչները երկօրյա այց են կատարել Սյունիք, և գրասենյակը բացվել է մարզ կատարած այցի շրջանակներում: Ուղևորության շրջանակներում շարժման անդամներն այցելել են նաև Գորիս, Սիսիան, ինչպես նաև մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Աշոտավան, Տեղ գյուղեր։
Գրասենյակի բացմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանին պետք չէ պաշտոնյա, այլ անհրաժեշտ է մարդ, որը կմիավորի ազգին։
«Ազգին միավորող է պետք, քանի որ մեր հակառակորդներն ավելի շատ են և ավելի միաբանված, քան մենք։ Մեր ղեկավարը չպետք է պառակտի մեր ժողովրդին, խառնաշփոթ մտցնի ազգի մեջ, այլ պետք է միավորի ու նոր վերածնունդ տա։ Խաղաղության համար Հայաստանին ուժեղ ու պայմանավորվող ղեկավար է պետք»,- ընդգծել է Կարապետյանը։
Այցի շրջանակում Կարապետյանը նաև պատմել է իշխանությունների որոշմամբ Սյունիքում փակվող դպրոցների մասին։
«Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղի դպրոցը փակվելու է կառավարության որոշմամբ, ու երեխաներն անանցանելի 10 կիլոմետրանոց ճանապարհով պետք է ամեն օր կողքի գյուղերի դպրոցներ գնան»,- նշել է նա՝ թվարկելով նաև շրջանի այլ դպրոցների՝ երկու տարվա ընթացքում նախատեսվող փակման մասին։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
Armenia Today
