Երևանում Եվրամիության ներկայացուցչության առջև տեղի է ունեցել ակցիա` Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչելու և նրանց ազատ արձակելու համար քայլեր ձեռնարկելու պահանջով։
Ակցիան իրականացրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական կազմակերպության անդամները: Նրանք դեսպանատան շենքի մոտ են եկել ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, բլոգերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարներով:
Ցուցարարները անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ընթերցել են հայտարարությունը, որն ուղղված է ԵՄ-ին։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում քաղաքական ճգնաժամերին արձագանքել է միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանել է իր շահերին: Մինչև 2018 թվականը Եվրոպական միությունը հետևողականորեն բարձրացրել է մարդու իրավունքների ոտնահարումների, ընտրախախտումների, կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության մասին հարցեր:
Sputnik Արմենիա
