Логотип

Էրդողան․ Թշնամիները զրպարտություն էին տարածում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին մեր աջակցության մասին

«Վերջին երկու դարերը թյուրքական աշխարհի համար նշանավորվել են դժվարություններով, աղետներով և բռնազավթմամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ արվել է թուրքերի միավորումը և մեկ սիրտ դառնալը կանխելու համար։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայում 1940-ականներին Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության միակուսակցական կառավարման ժամանակ, արգելված էր թյուրքական աշխարհի գոյության մասին հիշատակելն անգամ։ Նա հայտարարել է, որ 1944 թվականին շատ մտավորականների, գրողների և արվեստագետների անվանել են «թուրանականներ» և խոշտանգել՝ պարզապես Թուրքիայից դուրս գտնվող իրենց հայրենակիցների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։

«Բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Թուրքիա փախչող ադրբեջանցի թուրքերը հանձնվել են իրենց մահապատժի ենթարկողներին՝ գիտակցելով, որ նրանց գնդակահարելու են Բորալթան կամրջին՝ պատմությունը պղծելով ամոթալի բծով, որը պատմության մեջ մտել է որպես «Բորալթանի ողբերգություն»։ Բորալթանի ողբերգությունը ԺՀԿ-ի համար սև բիծ է Թուրքիայի պատմության մեջ»,- հայտարարել է Էրդողանը։

Ըստ նրա՝ Բորալթանի ողբերգությունը խոր վերքեր թողեց թե՛ թուրք ժողովրդի, թե՛ ադրբեջանցի թուրքերի մտքերում և սրտերում, վերքեր, որոնք բուժելու համար տարիներ պահանջվեցին։

Հիշելով Ղարաբաղի համար մղվող 44-օրյա պատերազմը՝ Էրդողանը նշել է, որ այդ ժամանակ «երկրի թշնամիները զրպարտչական լուրեր էին տարածում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին»։ «Հիշե՛ք, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատու ներկայացուցիչը դուրս եկավ և ասաց. «Ցավոք, լուրեր են ստացվում, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և ըստ լուրերի՝ Ադրբեջան են ջիհադիստական ​​խմբավորումները ուղևորվում»։

Ճիշտ ինչպես 1945 թվականին Բորալթանի ողբերգության ժամանակ, նրանք նույն սխալը գործեցին Ղարաբաղի ազատագրական պայքարում և անպատվեցին մեր ժողովրդին»,- հայտարարել է Էրդողանը։

News.am