Логотип

Վարդան Ղուկասյանին արգելել են մասնակցել պատարագի, չկան նաև բարձրաձայն աղոթելու պայմաններ

Կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելում են մասնակցել ժամերգություններին և պատարագներին։ Այդ մասին նա իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջոցով նամակ–բողոք է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին։

Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ այդպիսով խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։

«Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից»,– գրել է նա։

Գյումրու քաղաքապետը նշել է, որ տարվա 250 օրն անցկացնում է ծոմի և պահքի մեջ, սակայն իր համար պայմաններ չեն ստեղծվել միայնակ և բարձրաձայն աղոթելու համար:

Այդ իսկ պատճառով Ղուկասյանը, մասնավորապես, դիմել է Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին` կոչ անելով իրենց հստակ վերաբերմունքն արտահայտել իր նկատմամբ իշխանությունների այս պահվածքի վերաբերյալ։

Sputnik Արմենիա