Շիրակի թեմի բանտարկված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վաղը՝ դեկտեմբերի 16-ին, կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի իր առողջության համար անհրաժեշտ վիրահատությունը, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Միքայել սրբազանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Պատգամավորը հավելել է, որ տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում:
Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 15-ին հետաձգել էր արքեպիսկոպոսի գործով դատական նիստը, ուր քննելու էին Աջապահյանի պատիժը 2 տարվա փոխարեն երկուսուկես տարի դարձնելու մեղադրող կողմի միջնորդությունը։ Արքեպիսկոպոսի պատիժն ավելացնելու հարցով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 15:00-ին։
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի: Միքայել սրբազանը ցանկություն էր հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, դեկտեմբերի 11-ին «Քրեակատարողական բժշկական կենտրոնն» առաջարկել էր կազմակերպել Աջապահյանին ցուցված վիրահատությունը։
Armenia Today
