Логотип

Փոխնախարար․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 26,233 մարդ արդեն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 26,233 անձ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, նկատել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության առկայությունը պարտադիր պայման է Կառավարության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան» ծրագրով պետական աջակցություն ստանալու համար։ Նա նաև լուրեր է հնչեցրել այն մասին, թե իբր Հայաստանը շատերին է մերժում քաղաքացիություն տրամադրելու հարցում։

«Այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել: Քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919-ը՝ չափահաս, և 8314-ը՝ անչափահաս: Մշակման մեջ է, այսինքն՝ քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ», – ասել է Խաչատրյանը։

Քաղաքացիության մերժման մասին լուրերի վերաբերյալ պաշտոնյան վստահեցրել է, որ ինքը նման տեղեկություն չունի։ «Մենք նման մտահոգիչ հաղորդագրություններ չենք ստացել», – ասել է նա։

News.am