ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է։
Ըստ նրա՝ դա ունի հստակ քաղաքական նպատակներ։
«ա) տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար,
բ) ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։
Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա՝ չհարգելով ՀՀ քաղաքացիների ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման։
Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների և քաղաքական հետապնդումների համար։
Ուստի, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների և գործընթացների վերաբերյալ՝ կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։
Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը հայտնել է, որ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար:
News.am
