Դեկտեմբերի 16-ին դատավոր Տիգրան Դավթյանը մերժել է Գյումրիի ավագանու նախկին անդամ Տիգրան Ավագյանի տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Գյումրեցիներին սպառնալու և ահաբեկելու մեծամասամբ ներքին սպառման համար նախատեսված օրակարգը կարծես սպառված է»,- գրել է փաստաբանը։
Ավագյանն ավելի վաղ հրաժարվել էր մանդատից, նրան կալանավորել, ապա տնային կալանքի էին ենթարկել հոկտեմբերին՝ Գյումրիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ակցիայի գործով, որն ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի էր։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը կալանավորել էր։ Ակցիայի գործով քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նկատմամբ։
Armenia Today
